
Ադրբեջանի 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյանը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
«Ադրբեջանի 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ճանաչելով Ադրբեջանի 86.600 քկմ-ն, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը Ադրբեջանի մաս՝ պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
-Խոսքը ձեր մասին է,- շեշտեց լրագրողը։
«Ես ասել եմ, որ ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ ասել։
86.600 քկմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը։ Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։
«Կարևոր ենք համարում՝ այդ բանակցություններին միջազգային երաշխիքների ստեղծումը, նկատի ունենք, օրինակ, որ կարող է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Կարևոր ենք համարում՝ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»,- ասաց վարչապետը։
Մեկնաբանել