
Երեւանում անց է կացվում Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը
Մայիսի 18-ին ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում պաշտոնապես տրվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկը Հայաստանում։
Ասուլիսի խոսնակներն էին՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Սամվել Դանիելյանը և Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Ստորեւ՝ համաժողովի մեկնարկի մասին մամուլի հաղորդագրությունը։
«Կոնգրեսի անցկացումը Հայաստանում շատ կարևոր է ոլորտի համար, և դրա շնորհիվ հայտնվել ենք առաջատար երկրների շարքում՝ ստեղծելով հնարավորություններ մասնագետների միջև փորձի փոխանակման և հետագա համագործակցության համար։ Մանուկների առողջությունը հատապես նախարարության ուշադրության կենտրոնում է, և տարեցտարի ընդլայնվում է պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծառայությունների շրջանակը»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայան։
«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել իր մեծությամբ աննախադեպ բժշկագիտական միջոցառումը։ Նախկինում կոնգրեսը անց է կացվել Հնդկաստանում, Չինաստանում, իսկ հաջորդ տարի՝ Ճապոնիայում: Արյունաբանությունը և ուռուցքաբանությունը հիմնաքարային ուղղություններ են բժշկության մեջ, և կոնգրեսը կարևոր օղակ է՝ տեղում միջազգային փորձի փոխանակման և շարունակական զարգացման համար»,-նշեց Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Սամվել Դանիելյանը։
«Համաժողովի շնորհիվ այսօր Հայաստանն իր ուրույն տեղն է գրավում բժշկագիտության համաշխարհային քարտեզի վրա։ Արդեն իսկ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք երկրների հետ բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակելու ուղղությամբ»,-նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։
Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 19-ին Երևանի պետական բժշկական համալսարանում՝ միջազգային կառույցի ներակայացուցիչների մասնակցությամբ։
Համաժողովը մայիսի 18-21-ը հյուրընկալել է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների շուրջ 60 երկրներից, ովքեր հանդես են գալու զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ։
Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորություններ է ձևավորելու տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։
Հանրության համար ներառված են նաև բաց և անվճար բացառիկ հանդիպումներ, սեմինար-քննարկումներ առողջության ու առաջնորդության վերաբերյալ՝
- Մայիսի 20֊ին, ժամը 16:10 «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» / “Women leadership in oncology”, խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով։
- Մայիսի 20-ին, ժամը 17։00 "Համաշխարհային առողջապահական համայնք" / “Global Health Network” (անգլերենը), խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով։
- Մայիսի 19-ին, ժամը 19։30-ին՝ ի աջակցություն Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի հանրայնացման` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանում։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից: Այժմ քաղցկեղից ապրելիության ցուցանիշը Հայաստանում արդեն իսկ ձգտում է 75%-ի։
Այս առաքելությանն է նվիրված նաև 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։
Համաժողովի օրակարգն ընդգրկում է լայնամասշտաբ միջոցառումներ` սեմինարներ, քննարկումներ, աշխատարաններ (workshop), բանախոսություններ և սիմպոզիումներ, որոնք կանցկացվեն մայիսի 18-21-ը Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճներում և մի շարք բժշկական հաստատություններում։
Այս տարի ամենամյա SIOP Asia-ի 15֊րդ համագումարը կանցկացվի 2023 թվականի մայիսի 18-21-ը Երևանում, Հայաստան։
Մեկնաբանել