
Դուբայի իշխանությունները չեղարկել են «FlyOne Armenia» ընկերության Դուբայ-Երևան չվերթը. օդանավն իջել է Իրանում
Քաղաքացի Շուշաննա Սայադյանը, որի ամուսինը օրեր առաջ «FlyOne Armenia» ընկերության չվերթով չէր կարողացել ժամանակին հասնել Դուբայ, քանի որ ընկերության օդանավի մուտքը Դուբայի օդանավակայան արգելվել էր, կրկին դիմել է«Հետքի» խմբագրություն։
Շուշանի ամուսինը՝ Կարեն Գասպարյանը, Դուբայից Երեւան պետք է վերադառնար մայիսի 11-ին՝ նույն ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթով, որը, սակայն, չի կայացել։
Ինքնաթիռը Դուբայից Երևան պետք է մեկներ 14:10 և Հայաստան հասներ 17:20, բայց չվերթը դեռևս չի կայացել:
«Մենք կասկածներ ունեինք, որ էլի ինչ-որ պատմություն կլինի ավիաընկերության հետ կապված, բայց դե արդեն հետադարձի տոմսերն էլ էինք գնել ու ոչինչ անել չէինք կարող։ Այսօր ամուսինս զանգեց, ասաց, որ օդանավը, որ պետք է նրանց Հայաստան հասցներ, դեռ չի հասել Դուբայ, որովհետև էլի թույլ չեն տվել վայրէջք կատարել»,- պատմում է նա։
Շուշաննան զանգահարել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ուղղորդել են հարցերի պատասխանը ստանալ ավիաընկերությունից։ Ավիաընկերության աշխատակիցը հաստատել է, որ օդանավին թույլ չեն տվել վայրէջք կատարել Դուբայում։
«Հարցրի՝ որտե՞ղ է հիմա էդ ինքնաթիռը, ասաց՝ չգիտենք, չենք կարող ձեզ նման տեղեկություն տալ, հիմա ստացվում է, որ այն մարդիկ, որոնք պետք է Դուբայ գնան, դեռևս չեն հասել, իսկ Դուբայից Հայաստան եկողները Աստված գիտի, թե երբ են էնտեղից թռչելու»,- ասում է Շուշաննան։
Մոտ մեկ ժամ առաջ նրա ամուսինը՝ Կարեն Գասպարյանը, լուսանկար է ուղարկել, որտեղ վահանակի վրա երևում է, որ 14:10 նախատեսված Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է։
«Հետքը» կապ հաստատեց «FlyOne ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ։ Վերջինս նշեց, թե չվերթը չի չեղարկվել։
Որոշ ժամանակ անց Անանյանը զանգահարեց ու հայտնեց, որ միանգամայն անհասկանալի պատճառաբանությամբ Դուբայի իշխանություններն արգելել են օդանավի վայրէջքը, չնայած ավիաընկերությունն ուներ բոլոր թույլտվությունները։
«Օդանավը վայրէջք է կատարել Քիշում (կզղի Իրանի հարավային մասում, հեղ.), շուտով օդանավը կվերադառնա Երևան, իսկ ավիաընկերությամբ Հայաստան մեկնել պատրաստվող ուղևորներին հնարավորինս արագ կփորձենք այլ ավիաընկերությունների ինքնաթիռներով տեղ հասցնել»,- հայտնեց Արամ Անանյանը։
Մեկնաբանել