
«4 վիրավորից 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար». Անահիտ Ավանեսյան
«Այս պահի դրությամբ ունենք 4 վիրավոր, նրանցից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը բավարար է։ Կարող ենք ասել, որ նրանց կյանքին այս պահին ոչ մի վտանգ չի սպառնում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ վիրավորներին Երևան տեղափոխելու անհրաժեշտություն դեռևս չկա, եթե առաջանա, ապա այն կկազմակերպվի։ Վիրավորումները տարբեր տեսակի են։ Ավանեսյանը նշեց, որ դեղորայքային առումով հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով:
Անդրադառնալով վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի թիրախավորմանը՝ նա ասաց, որ նախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ադրբեջանական կողմի արարքը։
«Դուք գիտեք, որ շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություն մատուցող կազմակերպությունները հանդիսանում են հատուկ օբյեկտ, և որևէ ձևով նրանց թիրախավորելն ընդունելի չէ»,- նշեց Ավանեսյանը։
Մեկնաբանել