
ԱՄՆ-ն ողջունում է Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը
ԱՄՆ-ն ողջունում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
«Մենք ողջունում ենք հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ հանդիպումը կարևոր հնարավորություն է Վաշինգտոնում բանակցություններից հետո հետագա առաջընթացի համար»,- ասված է գրառման մեջ։
We welcome the announcement that @presidentaz and @NikolPashinyan will meet in Brussels with @CharlesMichel on May 14. This is an important opportunity to build on forward momentum following talks in D.C.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) May 8, 2023
Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշերին Եվրամիությունը հաստատեց մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման մասին լուրերը։ «Առաջնորդները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ»,- նշված էր հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհրդի փոխանցմամբ՝ Ալիևը և Փաշինյանը հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կվարեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
Բացի այդ, նշվում է, որ Շառլ Միշելը մտադիր է Ադրբեջանի, Հայաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին հրավիրել բանակցությունների Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին իսպանական Գրանադա քաղաքում։
Լուսանկարը՝ F11PHOTO/GETTY IMAGES
Մեկնաբանել