
«Մայիսի 9-ին Եռաբլուր չգալ չեմ կարող, սա մեր տղաների օրն է»․ ազատամարտիկի քույր
Անահիտ Առաքելյանը հաճախ առավոտներն անցկացնում է Եռաբլուրում՝ իր զույգ եղբոր՝ Սարգիս Մկրտչյանի շիրիմի կողքին։ Սարգիսը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել ռազմաճակատի տարբեր ուղղություններում, ծանր վիրավորվել է, իսկ 1999-ին` մահացել։ Նրան հուղարկավորել են Եռաբլուրում։
Անահիտը շրջում է Եռաբլուրով, այցելում նաև 2020-ի զոհերի շիրիմներին։ Տանն արդեն գիտեն, որ առավոտյան իր գտնվելու վայրն Եռաբլուրն է։
«Մայիսի 9-ը հերոսական օր էր, թեկուզ զոհեր շատ ունեցանք, բայց ունեինք ազատագրված հայրենիք, հիմա ոչինչ չունենք, բայց էստեղ այս օրը չգալ չեմ կարող, սա մեր տղաների օրն է»,- ասում է նա։
Շրջում ենք պանթեոնի տարածքով, գերեզմանների մոտ զոհերի ծնողներն ու հարազատներն են, նրանք մաքրում են շիրիմները, կարգի բերում, փոխում ծաղիկների ջուրն ու խունկ ծխում։
Այն գերեզմաններում, որոնց գլխավերևում Արցախի դրոշն է ծածանվում, գրեթե մարդիկ չկան։ Հավանաբար, պատճառը բլոկադան է, արցախցիները չեն կարողանում այցելել Եռաբլուրում հուղարկավորված իրենց հարազատներին։
Ռուբեն Հովսեփյանի կինը՝ Սիրանույշ Հարությունյանը, ամուսնու գերեզմանին խունկ է ծխում։ Ռուբենը մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին։ 2020-ին էլ ռազմաճակատ էր մեկնել մահապարտների ջոկատի կազմում։ Հոկտեմբերի 3-ից ընտանիքը Ռուբենից տեղեկություն չի ունեցել։ Վերջին անգամ իմացել են, որ Ջրականում է եղել։ Ամիսներ անց Ռուբենին գտել ու հուղարկավորել են այստեղ։
Ռուբեն Հովսեփյանի հարևանությամբ հուղարկավորված են Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն ու Թաթուլ Ջավրուշյանը։
Սիրանույշը խունկ է լցնում նաև նրանց խնկամաններն ու դստերը՝ Նարինեին խնդրում, որ կրակ վառի։
«Էստեղ սենց ա, մեկս մյուսին էստեղ էլ ենք հարևանություն անում, բոլորս բախտակից ենք»,- ասում է կինը։
Մեկնաբանել