
50 հազար եվրո փոխհատուցում՝ զինծառայողի կյանքի իրավունքի խախտման համար. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել
Կառավարությունը 3 ամսվա ընթացքում խաղաղ պայմաններում զորամասում մահացած 19-ամյա զինծառայող Տիգրան Օհանջանյանի մորը պետք է վճարի 50 հազ․ եվրո փոխհատուցում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 25-ին վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ զինծառայողի կյանքի իրավունքը չպաշտպանելու համար:
Զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում՝ 2007թ․-ին: Պաշտոնական վարկածն այն է, որ զինծառայողը էլեկտրահարվել է: Մինչդեռ Տիգրանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, պնդում է, որ որդուն սպանել են:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ 2007թ. օգոստոսի 30-ին, Տ. Օհանջանյանը երեկոյան անվանականչից հետո դուրս է եկել զինապահեստից՝ մոտակա պահեստային անցակետ գնալու։ Ճանապարհին նրա պարանոցն ու ձախ դաստակը պատահաբար հպվել են զորամասի մալուխներին, ինչի հետևանքով հոսանքահարվել ու տեղում մահացել է։
Այնինչ, հետագայում Պաշտպանության նախարարության շենքաշինության և բնակարանաշինության բաժնի պետը գրավոր հայտնել է դատախազությանը, որ նշված տարածքում չէր կարող էլեկտրական հոսանք լինել: Դեպքի վայրի զննության ընթացքում ստուգվել են մալուխները և արձանագրվել, որ էլեկտրական հոսանք չկա:
Ավելին, փորձաքննությամբ պարզվել է, որ հետազոտված էլեկտրական մալուխի վրա, որին իբր դիպել է զինծառայողը, մարդու մաշկի կամ արյան մնացորդի հետքեր չեն հայտնաբերվել։
Դատարանները ևս կասկածի տակ են դրել էլեկտրահարվելու վարկածը, սակայն դեպքից 16 տարի անց զինծառայողի մահվան իրական հանգամանքները դեռ բացահայտված չեն:
Դիակի զննությամբ արձանագրվել է, որ Տիգրան Օհանջանյանի պարանոցի աջ հատվածում առկա են միմյանց զուգահեռ երկու կլոր քերծվածքներ՝ 11,5 և 4 սմ երկարության։ Ձախ ձեռքի մատի վրա առկա է քերծվածք, նույն տեղում առկա է նաև շրջանաձև քերծվածք՝ անհարթ եզրերով: Այլ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Նույն օրը դեպքի վայր են ժամանել Վարդենիսի ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Քանի որ գիշեր է եղել, դեպքի վայրի զննություն չեն իրականացրել, միայն ստուգել են մալուխներում էլեկտրական հոսանքի առկայությունը:
2007թ. օգոստոսի 31-ին Սևանի կայազորի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ զինվորական պարտականությունները կատարելիս անփութության հատկանիշներով:
Սևանի կայազորի զինդատախազը թեև գրություն է ուղարկել կորպուսի հրամանատարին, որպեսզի դեպքի վայրում որևէ միջամտություն, փոփոխություն չիրականացվի՝ ապամոնտաժվել է այն կայանը, որի մալուխներից իբր հոսանքահարվել է Տիգրանը:
Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, իր ցուցմունքում նշել է, թե որդին 2007թ. օգոստոսի 7-ին քրոջն ասել է՝ կռվի մեջ է ընկել։ Ավելին, 2007թ. օգոստոսի 22-ին եղբայրն այցելել է Տ. Օհանջանյանին և նկատել, որ նրա աչքը կարմրել է, նկատելի է եղել արյունազեղում:
Տիգրանի ծնողները որդու դիակի լուսանկարները, որոնք արվել են նախքան դիահերձումը ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին, հստակ ցույց են տվել, որ իրենց որդին վնասվածքներ է ունեցել: Մասնավորապես, գլխի հետևի մասում եղել է վնասվածք, ոտքի ներբանին՝ այրվածքի հետքեր և գլխի, ականջի, ծնոտի և աչքի տակի վնասվածքներ, որոնցից ոչ մեկը չի արձանագրվել փորձագետի կողմից։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևել է շուրջ 9 ամիս: Մեղադրանք է առաջադրվել միայն վերջին ամսում։ Մեղադրյալի աթոռին են հայտնվել զորամասի կապի հանգույցի պետը և նրա տեղակալն այն բանի համար, որ անփույթ վերաբերմունք են դրսևորել ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
2009թ. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակել է համակցված էլեկտրական և դատաբժշկական փորձաքննություն՝ Տ. Օհանջանյանի դիակի արտաշիրմումից հետո։ Սակայն Տիգրանի հայրը պահանջել է փաստաթղթային դատաբժշկական փորձաքննություն՝ պատճառաբանելով, որ մասնագետները չեն կարող երաշխավորել դատաբժշկական փորձաքննության արդյունավետությունը արտաշիրմումից հետո, երբ մահից արդեն անցել է երկու տարի: Նրա միջնորդությունը բավարարվել է, մինչդեռ փորձագետներին տրված հարցերը մնացել են նույնը։
2010թ. դատարանն արդարացրել է կապի հանգույցի պետին և նրա տեղակալին՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների, չգործող կանոնակարգերով փորձաքննություններ կատարելու պատճառով: Այդ վճռով կասկածի տակ է դրվել նաև զինծառայողի էլեկտրահարումից մահանալու փաստը:
Մեղադրող դատախազի վերաքննիչ և վճռաբեկ բողոքները մերժվել են՝ ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Տիգրանի ծնողները հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել են, որ իրենց որդու գործը վերաբացվի, կատարվի պատշաճ քննություն և մեղավորները պատժվեն: Սակայն՝ ապարդյուն: 2017թ. մահացել է Տիգրանի հայրը և ՄԻԵԴ-ում ու ներպետական դատարաններում պայքարը շարունակել է մայրը:
Գոհար Սարգսյանը, խաղաղ պայմաններում զոհված մյուս զինծառայողների ծնողների հետ, որդու լուսանկարը ձեռքին, Կառավարության նիստերի օրերին տարիներ շարունակ բողոքի ակցիա է իրականացրել Կառավարության շենքի դիմաց, նախագահական նստավայրի մոտ:
Իշխանափոխությունից հետո Օհանջանյանի մահվան դեպքով գործը վերաբացվել է 2018թ. տարեվերջին, սակայն որևէ էական առաջընթաց չկա:
ՄԻԵԴ-ում գործի քննության ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը դատարանից պահանջել է գանգատը հանել ցուցակից: Մասնավորապես, ընդունել են, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում և պարտավորվել են մահացած զինծառայողի մորը վճարել 21 հազ. 500 եվրո փոխհատուցում: Պարտավորվել են նաև «ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ սույն գործով խախտումները վերացնելու համար»:
Սակայն, ՄԻԵԴ-ի համար բավարար չեն եղել Կառավարության խոստումները, քանի որ դրանք երաշխիքներ չեն ունեցել: Բացի այդ, ՄԻԵԴ-ը արդարացի չի համարել առաջարկվող փոխհատուցման չափը: Հետևաբար մերժել է Կառավարության միջնորդությունը և գործի քննությունը շարունակել է՝ կայացնելով վճիռ:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ զորակոչիկները գտնվում են գրեթե նույն կարգավիճակում, ինչ կալանավորված անձինք, քանի որ նրանք ամբողջությամբ պետության վերահսկողության տակ են: Բանակում ցանկացած իրադարձություն ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում է իշխանությունների բացառիկ իմացության ներքո: Հետևաբար, պետությունը պարտավոր է նաև բավարար և համոզիչ բացատրություն տրամադրել բանակում տեղի ունեցած ցանկացած վնասվածքի կամ մահվան համար:
Եվրոպական դատարանը գտել է, որ այս գործով քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի իրականացվել ողջամիտ արագությամբ: Բավարար ջանքեր չեն գործադրվել ներպետական դատարանների որոշումներից հետո՝ թերությունները վերացնելու համար: Ընդհանուր առմամբ, իշխանություններին չի հաջողվել արդյունավետ քննություն իրականացնել Տ. Օհանջանյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։
Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) ընթացակարգային խախտում:
Լուսանկարում՝ Տիգրան Օհանջանյանը
Մեկնաբանել