
Պետական թանգարաններից, մշակույթի նախարարությունից գեղանկարներ են անհետանում, և ոչ ոք չի պատժվում
Որքան ուսումնասիրում ենք մշակույթի ոլորտը, այնքան սարսափելի փաստեր ենք բացահայտում: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի (այստեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և գեղանկարչական աշխատանքներ), Սարդարապատի թանգարաններից անհետացել են արծաթյա իրեր, հին գորգեր: Եվ զարմանալի է, որ իրավապահները առայսօր ոչինչ չեն կարողացել բացահայտել, ավելին, շատ դեպքերում պարզապես քրեական գործեր չեն հարուցվել: 2009 թ. Հրազդանի պատկերասրահից գողացվել է 18 գեղանկար: Իսկ հայ իրավապահները անզոր են այս հանցագործությունը բացահայտել, քրեական գործը «մահացել է»:
Հայաստանի թանգարաններում ամենատարածվածը բնօրինակ աշխատանքները կրկնօրինակներով փոխարինելն է: Իսկ բնօրինակները, բնականաբար, վաճառվում են կամ հայտնվում որեւէ պաշտոնյայի տանը: Այդպիսի իրավիճակ է գրեթե բոլոր թանգարաններում: Այս պատճառով մի շարք հիմնարկներում տնօրենի կամ ավանդապահների փոփոխության ժամանակ նույնիսկ չի հաջողվում ընդունում-հանձնում կատարել:
«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ից կորել և փոխվել են բազմաթիվ գեղանկարներ, արծաթե իրեր: Մինաս Ավետիսյանի որդու՝ Արմանի խոսքով, այդ կենտրոնում գտնվող Մինասի 9 նկարներից 8-ն անհետացել է, իսկ մեկը կախված է փոխնախարար Արեւ Սամուելյանի աշխատասենյակի պատին: Արմանն ասում է, որ այս փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել:
«96-98 թթ. պարզեցինք, որ չկան, այն ժամանակվա փոխնախարար Կարեն Արիստակեսյանի օգնությամբ: Այդպես էլ ոչ մի տրամաբանական պատասխան չստացանք: Ես համոզված եմ, որ այդ նկարները Հայաստանում չեն»,- ասում է Արման Ավետիսյանը: «Իսկ Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի փաստաթղթերում ահա թե ինչ է գրված Մինասի նկարների կողքին (տես աղյուսակը):
Անհետացած բազմաթիվ ցուցանմուշներից են Վոլոդյա Մարգարյանի (Վալմար) «Արհավիրք», Թադևոս Գևորգյանի «Մ. Նալբանդյան», Խաչատուր Իսկանդարյանի «Վ.Ի.Լենին», Գրիգոր Ազիզյանի «Կարբիտագործներ», Խաչատուր Եսայանի «Առեւտրի շարք», Բարդուխ Վարդանյանի «Ձմեռը Զանգուի կիրճում» ստեղծագործությունները, իսկ Մհեր Աբեղյանի «Բյուրականում» նկարը եւ Էդուարդ Իսաբեկյանի «Աշտարակի ջրաղացի մոտ» նկարը փոխված են: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այստեղ նշված հեղինակները խոշոր արվեստագետներ են և մեծ ճանաչում ունեն թե Հայաստանում, թե արտասահմանում:
Վալմարի «Արհավիրք» նկարը փոխարինվել է հեղինակի «Հովիվ» նկարով (մանրամասն տես նկարներում):
![]() |
|
«Աղքատ հովիվը», Վլադիմիր Մարգարյան (60 x 50): |
![]() |
«Արհավիրք», Վլադիմիր Մարգարյան (120 x 90) |
Այս կենտրոնի ցուցանմուշներից մի քանիսն անհետացել են անգամ մշակույթի նախարարությունից, սակայն նախարարը ոչինչ չի ձեռնարկում: «Հետքն» առաջիկայում առաձին-առանձին կներկայացնի այս անհետացումների պատմությունները:
(շարունակելի)
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել