
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային (+109 կգ) ծանրորդները, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից Վարազդատ Լալայանը իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր: Չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճեց այս քաշային կարգի անվիճելի առաջատար, վրացի Լաշա Տալախաձեն:
Սիմոն Մարտիրոսյանը առաջին և երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ պոկեց համապատասխանաբար 190 և 195 կգ, սակայն երրորդ մոտեցման համար պատվիրած 200 կիլոգրամը չկարողացավ բարձրացնել:
Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը սկսեց 205 կիլոգրամից և բարձրացրեց այդ քաշը: Նա վստահությամբ հրեց նաև 212 կիլոգրամը, սակայն երրորդ մոտեցմամբ չկարողացավ գլխավերևում պահել 218 կիլոգրամանոց ծանրաձողը: Լաշա Տալախաձեն վստահությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները և պոկում վարժությունն ավարտեց 222 կգ-ով:
Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 235 կգ, իսկ երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց նաև 245-ը և երրորդ մոտեցումից հրաժարվեց, քանի որ ապահովել էր բրոնզե մեդալը:
Վարազդատ Լալայանը առաջին մոտեցմամբ հրեց 240 կգ, սակայն երկրորդ մոտեցման համար պատվիրած 250 կիլոգրամը չկարողացավ բարձրացնել: Այնուամենայնիվ, երրորդ փորձից Լալայանը հրեց այդ քաշը:
Լաշա Տալախաձեի վերջնական արդյունքը հրում վարժությունում 252 կգ էր:
Այսպիսով, երկամարտի 462 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 440 կգ-ով՝ բրոնզե մեդալակիր: Լաշա Տալախաձեն էլ երկամարտի 474 կգ-ով իր կարիերայում 7-րդ անգամ ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:
Եվրոպայի ավարտված առաջնությունում Հայաստանը ունեցավ չորս չեմպիոն: Գոռ Սահակյանը չեմպիոն էր հռչակվել 67 կգ քաշային կարգում, Դավիթ Հովհաննիսյանը՝ 96 կգ քաշում, Գարիկ Կարապետյանը՝ 102 կգ-ում, իսկ Սամվել Գասպարյանը՝ 109-ում։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) ու Արա Աղանյանը (96 կգ) հռչակվել են փոխչեմպիոններ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր։ Ի դեպ հարկ է նշել, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր 10 ծանրորդները դարձան մեդալակիր:
Կանանց պայքարում 55 կգ քաշում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն, Հռիփսիմե Խուրշուդյանն էլ 87 կգ-ում նույնպես բրոնզ է նվաճել:
Առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Մեկնաբանել