
Բաքուն հայտարարել է՝ 6 շաբաթ սպասում են Երևանի պատասխանին՝ խաղաղության պայմանագրի առաջարկների շուրջ
Բաքուն վեց շաբաթ սպասում է Երևանից պատասխանի՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկներին։ Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ։
«Նախարարը նշել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը <...> շահագրգռված է բանակցային գործընթացի հաջող ավարտով: Այնուամենայնիվ, ուշադրության են արժանի այդ ուղղություններով գործընթացը խոչընդոտելուն ուղղված Հայաստանի ջանքերը, վեց շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին չպատասխանելը, մի քանի սադրիչ հայտարարություններն ու սադրանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Էրիկա Օլսոնը նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչի համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անցկացմանը, որն իրականացվում է երկկողմ հիմունքներով։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը նաև քննարկել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև քայլեր, որոնք միտված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել