
Կառավարությունն ընդհանուր 12.6 մլրդ դրամի արտոնություն կտրամադրի 2 ընկերության
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրի «Գրանդ տոբակո» և «Կառմել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին։ Որոշումների նախագծերն ընդունվեցին Կառավարության ապրիլի 21-ի նիստում։
«Գրանդ տոբակո» ընկերությունը կազատվի 8․6 մլրդ դրամի մաքսատուրքից։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 176․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․6 մլրդ դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։
Մեկ այլ որոշման նախագծով՝ 4 մլրդ դրամի մաքսատուրքից կազատվի «Կառմել» ՍՊ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ընդեղենի, ինչպես նաև չորացրած բանջարեղենի, մրգերի և համեմունքների արտադրության համար։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել։
Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում արտադրական տարածքների ձեռքբերման և 81 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 215 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 81 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլրդ դրամ:
Ներմուծվող ապրանքները ևս չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։
Մեկնաբանել