
Պեսկովի պնդմամբ՝ եռակողմ հայտարարությունն այլընտրանք չունի
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համարվում են իրավիճակի կարգավորման համար միակ իրական բազան, որի իրագործումն անհրաժեշտ է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանն ու որոնք կնպաստեն եռակողմ պայմանավորվածությունների կատարման ճանապարհին հետագա առաջընթացին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական և ադրբեջանական կողմերի՝ նախօրեին արած հայտարարությունները։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները «հիմա հանդիսանում են միակ իրական, ռեալիստական բազան կարգավորման համար»։ «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անայլընտրանք և անհրաժեշտ բոլորի համար»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախում ապրող հայերին առաջարկել էր ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կամ «գտնել բնակության համար մեկ այլ վայր»։ Բացի այդ, Ալիևը պնդել էր, որ Հայաստանը հայտարարի, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»։
Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев
Մեկնաբանել