
Հուշագիր՝ Տաթեւի վանքի վերանորոգման գործում համագործակցելու մասին
Սույն թվականի հունիսի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվեց ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի (IX դար) վերականգնման գործընթացում համագործակցելու մասին հուշագիր:
Հուշագրի համաձայն` կողմերն ընգծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում` ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Կողմերը նաև առաջնորդվում են պատմամշակութային ժառանգության վերականգման, պահպանման, հետագայում սերունդներին փոխանցման, հոգևոր և մշակութային կյանքի վերածննդի, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների կողմից խնդրի օրակարգային հանրահռչակման հրամայականով:
Միևնույն ժամանակ, նախատեսվող համագործակցությունը նպատակ ունի ապահովել զբոսաշրջության զարգացումն ու պատմամշակութային ժառանգության միջազգային ճանաչելիության խթանումը:
Ըստ այդմ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անհրաժեշտ են համարել միավորել իրենց ուժերը` համատեղ աշխատանքներ ծավալելու վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման գործում:
Հուշագրի ներքո առաջարկվող համագործակցությունը կգործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Տաթևի վանական համալիրի վերականգման համար:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակ
հունիսի 13, 2012 թ.
Մեկնաբանել