
Տեղ գյուղում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան
«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների: Մարտի 11-ին Ադրբեջանի Զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով ՀՀ ինքնիշխան տարածքը»,- Կառավարության ապրիլի 13-ի նիստի մեկնարկին հայտնեց վարաչապետը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Փաշինյանը նշեց՝ դեպքի մանրամասներին այս պահին չի անդրադառնա, քանի որ Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութն, ըստ վարչապետի, պատկերացում է տալիս տեղի ունեցածի մասին:
«Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով։
Պիտի արձանագրեմ, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին: Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածած հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991թ․ սահմանագիծը, խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991թ․ դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի»,-արձանագրվել է ԵՄ հայտարարության մեջ»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի ետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991թ․ սահմանային գծի ողջ երկայնքով։ Այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021թ-ից, և նման գործողությունը բխում է վերը հիշատակված՝ Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից։ Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը, Ադբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու գործելակերպը․ այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է՝ ի հեճուկս նաև միջազգային դատական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման։ Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան նախանշված միջազգային մեխանիզմներ, և մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխանիզմների գործարկման վրա»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ չնայած բոլոր դժվարություններին՝ շարունակում են հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, ԼՂ հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։
«Պատրաստ ենք նաև տարածաշրջանային, տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի և Սոչիի վերը հիշատակված պայմանավորվածությունների հիման վրա»,- եզրափակեց նա։
Մեկնաբանել