
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե տեղեկություններ ունի հակառակորդի օգտին աշխատած զինվորականների մասին
ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց իր ելույթներից մեկը՝ «5-րդ շարասյան մասին»: Ըստ Քոչարյանի՝ հասարակության շրջանում և քաղաքական դաշտում այդ ելույթն անհանգստություն չի առաջացրել, և շարասյուները, առանց համարակալելու, բոլորն էլ զգացել են, որ պատերազմի ժամանակ ինչ-որ բան այնպես չի գնացել՝ հօգուտ մեզ:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «պատահական համընկնմամբ» 2 օր առաջ մի ռեպորտաժ է տեսել քրեական գործի մասին, որն ուղարկվում է դատարան: Բովանդակությունն այն է, որ ադրբեջանական կողմը գրոհել և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը: Բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է այն բանի համար, որ իր լիազորություններն անցնելով՝ գնացել, ասել է՝ իջեք այդ բարձունքից, թողե՛ք բարձունքը:
Ըստ Փաշինյանի, ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, սակայն այստեղ չկա բացատրություն, թե ինչու է հանձնվել բարձունքը:
Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով՝ նմանատիպ իրավիճակներ էլի կան, նա հույս հայտնեց, որ դրանք եւս կդառնան հեռուստատեսային ռեպորտաժի թեմա: Վարչապետի խոսքով՝ կան դեպքեր, երբ զինվորականը զորքի մեջ խուճապ է առաջացրել, որպեսզի զորքը թողնի, որ հակառակորդը տարածքներ գրավի:
Վարչապետը չի բացառում, որ այդ զինվորականներն այլ երկրի կողմից հավաքագրված գործակալներ են: Քանի որ ինքը բարձունքը հանձնելու հրաման չի տվել, ենթադրում է, որ այլ տեղից է հրաման ստացվել, որի խոստովանության դեպքում զինվորականին ավելի լուրջ մեղադրանք է սպասվում, մինչդեռ այս պահին նա դատապարտվում է անփութության համար:
Մեկնաբանել