
Սուրբ Զատիկի տոնը (լուսանկարներ)
Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է՝ հինգ տաղավար տոներից մեկը։
Զատիկը շարժական տոն է, որին նախորդում է Ավագ շաբաթը։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
ժողովրդական սովորությունների մեջ մնացել է ձու ներկելու արարողությունն ու ձվախաղը․ հնում ձուն ներկելու համար օգտագործում էին որդան կարմիրը: Զատկի հայկական ծիսական կերակուրները բազմազան են՝ տարատեսակ սեզոնային կանաչատեսակներով՝ փիփերթով, սիբեխով, շուշանով կերակուրներ, խաշած ու խորոված գառ, ձուկ, և, իհարկե, կարմիր անապակ գինի։
Մեկնաբանել