HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով

Հայաստանի գործադիր իշխանությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում նաև օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով:

Ըստ հիմնավորման՝ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները: Նշված օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցների 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքի բյուջեի ֆոնդային մաս, որից հետո համայնքը ներկայացնում է այդ միջոցների տնօրինման ծրագիր: 2006 թվականից ի վեր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել շուրջ 35 նման ծրագրի: Այդ ծրագրերի իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվել են շահառու համայնքների բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները: Պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համայնքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների և պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով համայնքերին հատկացվող ֆինանսական միջոցների համար լրացուցիչ աղբյուր են դիտարկվում համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ այդմ շարունակվում է տեղական ինքնակառավարման ինստիտուտի ուժեղացման գործընթացը: «Սա մեր քաղաքական կամքն է: Ես ուզում եմ հիշեցնել, որ նաև մենք հանքարդյունաբերության ոլորտում այդպիսի կարգավորում արեցինք և հիմա ոչ միայն օրենքներով, այլև կոնկրետ ծրագրերում ենք այդ պրակտիկան դնում: Ես ուզում եմ հիշեցնել Ամուլսարի հանքի հետ կապված մեր ստորագրած մտադրությունների հուշագիրը, որտեղ տարեկան 7 մլն դոլար հատկացվում էր ազդագիր համայնքներին: Եվ ուզում եմ ընդգծել, որ մենք նաև քաղաքականապես ենք ուժեղացնում տեղական ինքնակառավարման մարմինները: Ըստ էության, խոշորացման վերջնական փուլին ենք հասել, տեղեր կան, որ պետք է կարգավորենք: Ես ուզում եմ ընդգծել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ինստիտուտի ուժեղացման փաստը: Ընդամենը մի բան ասեմ, որ մարտի 26-ին երկու համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և չնայած ընտրական պայքարը եղել է շատ լարված՝ քաղաքական, ընտրությունների արդյունքներով թեկնածուների վստահված անձանց ընտրական հանձնաժողովների անդամների կողմից վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել: Սա նշանակում է, որ ընտրական պրոցեսը, քվեարկությունը, ձայների հաշվարկը տեղի է ունեցել այնքան թափանցիկ և այնքան օրինական, որ որևէ մեկը այն վիճարկելու որևէ հիմք չի տեսել: Եվ ես կուզենայի, որ մենք ահա այս բոլոր որոշումները բյուջեների, սուբվենցիաների հետ կապված, օրենսդրական փոփոխությունները, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և հետագա լավարկումները հենց այս համատեքստում նայենք: Այո՛, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացումը կառավարության քաղաքականությունն է, որովհետև ՏԻՄ ուժեղացում նշանակում է քաղաքացու ուժեղացում, որովհետև մենք իշխանությունը հնարավորինս մոտեցնում ենք քաղաքացուն, և քաղաքացու որոշումների վճռական դերը գնալով ավելի պիտի մեծացնենք»,-ասել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter