
Սլովակիայի հայազգի քաղաքացին կասկածվում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի մատակարարումների մեջ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Սլովակիայի քաղաքացի հայազգի Աշոտ Մկրտիչևի նկատմամբ, որը, ըստ ամերիկյան գերատեսչության, ներգրավված է արևմտյան պատժամիջոցները շրջանցելով զենք և զինամթերք գնելու ռուսական իշխանությունների փորձերին: Այդ մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես պնդում է ամերիկյան կողմը, Մկրտիչևը 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին ներգրավված է եղել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև ավելի քան երկու տասնյակ զենքերի ու սպառազինության առքուվաճառքի կազմակերպման գործընթացին։
«Սխեմաները, որոնք նման են նրան, ինչը փորձել է իրագործել այդ մարդը, ցույց են տալիս, որ Պուտինը դիմում է հերթում գտնվող վերջին մատակարարներին, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ «սպառազինության դիմաց Հյուսիսային Կորեան ստացել է տարբեր ապրանքներ. քաղաքացիական ինքնաթիռներից մինչև հումք և ապրանքներ»։ Հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք եղել են գործարքներ, որոնք կնքվել են Մկրտիչևի միջնորդությամբ և ավարտվել են։
Ինքը՝ Մկրտիչևը հերքում է իր մասնակցությունը ռազմական բնույթի այդ առևտրին։ «Ռուսաստանից Հյուսիսային Կորեա եմ ուզում մատակարարել ալյուր, ցորեն, շոկոլադ, ինչ-որ պահածոներ։ Երկար ժամանակ կորեացիները դա գնում էին Չինաստանից, բայց այնտեղ դրանք թանկ են։ Ռուսաստանցիները ապրանքներն արտահանում էին Արևմուտք, բայց հիմա դա չեն կարող անել, այդ իսկ պատճառով ավելցուկ ունեն և ցանկանում են վաճառել դրանք։ Ես զենքի առևտրով չեմ զբաղվում։ Ես դրա համար չունեմ ոչ ընկերություններ, ոչ էլ լիցենզիաներ։ Ես զարմացած եմ դրանից (ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելուց-խմբ.)»,- հայտարարել է Սլովակիայի հայազգի քաղաքացին։
Հետաքրքրական է, որ 2002 թվականին Մկրտիչևը Սլովակիայում մեղադրվել էր առևտրային մրցակցի (որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, զբաղվում էր զենքի վաճառքով) սպանության կազմակերպման մեջ։ Համաձայն սլովակական tvnoviny.sk-ի՝ նա եղել է կալանավորված, սակայն 2010 թվականին ազատ է արձակվել, քանի որ դատախազությունը չի կարողացել ապացուցել նրա մեղքը։
2022 թվականի նոյեմբերի սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին CNN-ին հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան աշնան սկզբին Ռուսաստան է ուղարկել հրետանային արկերի էական խմբաքանակ։ Հաջորդ օրը Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ այդ պատճառով ԱՄՆ-ն կկիրառի պատժամիջոցային գործիքներ, ինչպես օրինակ դրանք կիրառվում են Իրանի դեմ։
Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով՝ Հյուսիսային Կորեան գաղտնի Ռուսաստանին է մատակարարում հրետանային արկերի մեծ խմբաքանակ, սակայն թաքցնում է այդ մատակարարումների իրական նշանակությունը։ Նա հավելել էր, որ Հյուսիսային Կորեան դրանք ներկայացնում է որպես Մերձավոր Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ արտահանում։
Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում գործող «38 North» վերլուծական կենտրոնը, որը հետևում է Հյուսիսային Կորեայում ընթացող իրադարձություններին հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ից Ռուսաստան է ժամանել կասկածելի գնացք։ Գնացքների այդպիսի շարժ դիտորները վերջին մի քանի տարիներին առաջին անգամ էին տեսնում։
Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի իշխանությունները, այդուհանդերձ, նման գործողությունները հերքում են։
Լուսանկարը՝ Damir Sagolj/Reuters
Մեկնաբանել