
Միջազգային համակարգերը չեն լուծի հակամարտությունը, միայն քաղաքականությունն ու բանակցությունները կարող են բերել կայուն խաղաղություն
Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) վերջերս Ադրբեջանին կարգադրեց թույլատրել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Դատավճռից արդեն անցել է մեկ ամիս, բայց Ադրբեջանը չի կատարել այս իրավական պարտավորությունը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Պաշտոնական Բաքուն շարունակաբար հերքում է ճանապարհը փակելու մեղադրանքները` նշելով, որ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաներին թույլատրում են անցնել Լաչինի միջանցքով, և իբրև ապօրինի հանքարդյունաբերության դեմ ակցիա իրականացնող բնապահպանները դա անելու իրավունք ունեն։
«Հետքը» զրուցել է Գաբրիել Արմաս-Կարդոնայի հետ, որը մարդու իրավունքների հարցերով մասնագիտացած իրավաբան է ԱՄՆ-ից։ Նա աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և հայկական տարբեր հասարակական կազմակերպություններում՝ որպես անկախ խորհրդատու։
Ադրբեջանի կողմից ԱՄԴ-ի որոշման չկատարումը վտանգու՞մ է ԱՄԴ-ն և դրա արդիականությունը որպես միջազգային իրավական կարգի պահպանման կառույց: Հայաստանում հասարակությունը հակված է կարծելու, որ Համաշխարհային դատարանի վճիռն անիմաստ է և որևէ ազդեցություն չունի, քանի որ Ադրբեջանը պարզապես կարող է անտեսել այն։
Ադրբեջանի կողմից դատարանի որոշումը չկատարելը և՛ վտանգում է, և՛ չի վտանգում ԱՄԴ-ն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ում եք հարցնում: Իրավաբանի տեսանկյունից կարող եմ ասել, որ ԱՄԴ-ն արել է այն ամենը, ինչ կարող էր, ուստի ոչ թե կառույցն է խարխլված, այլ ընդհանրապես միջազգային իրավական կարգը: Բայց այս տարբերությունը Ստեփանակերտում շրջափակման մեջ հայտնված մարդկանց համար մխիթարանք չի կարող լինել: Սովորական մարդու տեսանկյունից եթե նայենք, ապա այո, դատարանի որոշումների հարկադիր կատարման մեխանիզմների բացակայությունը ամբողջ համակարգը, ներառյալ ԱՄԴ-ն, անիմաստ է դարձնում: Սակայն կարևոր ու անհրաժեշտ է` բոլորը գիտակցեն, որ միջազգային համակարգերը չեն լուծի հակամարտությունը։ Դրանց ներկայությունը օգնում է դրսից տեսակետ ապահովելու առումով, բայց իրականում միայն քաղաքականությունն ու բանակցությունները կարող են բերել կայուն խաղաղություն:
Ադրբեջանցիները համեմատում են ԱՄԴ-ի միջանկյալ որոշումը և Հայաստանի ու հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը (822, 853, 874 և 884 բանաձևեր): Հստակության համար նշեմ, որ կան կարևոր տարբերություններ օրենքի և բովանդակության մեջ, բայց այս հարցի մեջ չմասնագիտակցված տեսանկյունից այս որոշումների միջև զուգահեռ կա: Ե՛վ ԱՄԴ-ի որոշումը, և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պարտադիր են: Այդ չորս բանաձեւերը կոչ էին անում դուրս բերել ուժերը, այսինքն՝ հայկական ուժերը Քելբաջարից, Աղդամից և Զանգելանի շրջաններից։ Ինչպես հայտնի է, դա տեղի չի ունեցել։ Ադրբեջանցիների տեսանկյունից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ չորս բանաձևերի հարկադիր կատարման բացակայությունը խարխլել է միջազգային իրավական կարգը, և այժմ հայերը նման իրավիճակում են ապրում Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին դատարանի միջանկյալ որոշման հարկադիր կատարումն ապահովելու բացակայության դեպքում:
Անցած շաբաթ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է ԱՄԴ-ի որոշումը չկատարելու հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Սա հարցեր է առաջացնում ՄԱԿ ԱԽ-ի ներգրավման գործընթացի վերաբերյալ, ինչպես կարող է Հայաստանը օգտվել այդ իրավունքից, և ի՞նչ սցենարներ կարող են լինել: Իրավական առումով, ի՞նչ օգուտներ կարող է ստանալ Հայաստանը այս գործողությունից։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հնարավորություն է տալիս Հայաստանին այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Եթե պետությունը չի կատարում ԱՄԴ-ի որոշումը, ապա ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածը թույլ է տալիս մյուս պետությանը հարցը ներկայացնել Խորհրդին: Այնուամենայնիվ, հոդվածը ոչինչ չի պարտադրում Անվտանգության խորհրդին։ Խորհուրդը կարող է առաջարկություններ անել կամ միջոցներ ձեռնարկել «եթե դա անհրաժեշտ է համարում»:
Այստեղ արդեն դուրս ենք գալիս միջազգային իրավունքից և մտնում աշխարհաքաղաքականություն։ Պարզ չէ, թե ինչ է անելու Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ, բայց կան որոշ ակնարկներ, թե ինչպես կարող է այս գործընթացը զարգանալ: Լաչինի միջանցքի շրջափակման հարցը արդեն իսկ հայտնվել է Անվտանգության խորհրդի առջև՝ 2022-ի դեկտեմբերին, բայց այս անգամ իրավիճակը տարբեր է։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն վատացել է հումանիտար իրավիճակը, այլև այժմ շրջափակումը նաև միջազգային իրավական կարգի պահպանման խնդիր է։ Արևմուտքը թմբկահարում է միջազգային իրավական կարգի պահպանման թմբուկը 2022-ի փետրվարից` Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո:
Ավելի հավանական է, որ Անվտանգության խորհուրդը կգործի հիմա, քան դեկտեմբերին, բայց դեռևս երաշխիք չկա, որ որևէ բան տեղի կունենա: Ֆրանսիան և ԱՄՆ-ն դեռ դեկտեմբերին կողմ էին, որ Անվտանգության խորհուրդը որևէ գործողություն ձեռնարկի, և դժվար թե նրանց դիրքորոշումները փոխվեն։ Միացյալ Թագավորությունը հաճախ է աջակցում Ադրբեջանին, բայց հիմա երկընտրանքի առջև է լինելու՝ սատարե՞լ Ադրբեջանին, թե՞ մնալ իր արևմտյան դաշնակիցների հետ: Մեծ փոփոխականը Ռուսաստանն է։ Ռուսաստանը շահագրգռված չէ պահպանել այն, ինչ նա համարում է միջազգային իրավունքի արևմտյան տեսակետ, ուստի այն, ինչ մոտիվացնում է Արևմուտքին, չի մոտիվացնի պաշտոնական Մոսկվային: Ի վերջո, հավանական է, որ Ռուսաստանը կգործի այնպես, ինչպես ուղղակիորեն ձեռնտու է նրան: Քանի որ ստատուս քվոն վատ չէ Ռուսաստանի համար, Ռուսաստանը չի շտապում իրեն դնել հակամարտության այս կամ այն կողմում: Եթե Ռուսաստանը կարողանա օգտագործել իր վետոն Ադրբեջանի հետ շահավետ գործարքի համար, նա հավանաբար վետո կդնի Արևմուտքի կողմից աջակցվող ցանկացած բանաձևի վրա:
Ներկայում ԱՄԴ-ն քննում է երկու նշանակալից գործ՝ մեկը Հայաստանի կողմից դատարան է ներկայացվել 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, իսկ մյուսը դատարան է ներկայացվել Ադրբեջանի կողմից։ Մի փոքր խոսենք այս դատական գործերից, ինչի՞ մասին են, որքա՞ն է տևում գործընթացը, և ե՞րբ կարող ենք ակնկալել վճիռը: Բացի վերը նշված միջանկյալ վճռից, նոր զարգացումներ եղե՞լ են:
Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիան մարդու իրավունքների պայմանագիր է, որը վավերացրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Դա նշանակում է, որ պայմանագիրը մարդու իրավունքների պարտավորություններ է դնում յուրաքանչյուր երկրի վրա։ Ես այս մասին ավելի ընդարձակ գրել եմ EVN Report-ի հոդվածում, բայց կարճ տարբերակն այն է, որ յուրաքանչյուր երկիր դատի է տալիս այդ պայմանագրի խախտման համար: Երկու գործերն էլ վերաբերում են դեռևս 90-ականներին արված գործողություններին։
Ցավոք սրտի, ԱՄԴ-ում գործընթացը տևում է տարիներ, և ընդամենը մեկուկես տարի է անցել: Միակ վերջնաժամկետը, որ սահմանվել է, հուշագրի և հակահուշագրի (memorial and counter-memorial) ներկայացման վերջնաժամկետն է: Դրանք գործի հիմնական իրավական ամփոփագրերն են։ Առաջինը հուշագիրն է (memorial)՝ հայցվորի կողմից ներկայացվող գանգատներն ու պահանջները, իսկ երկրորդը հակահուշագիրն է (counter-memorial) պատասխանողի կողմից այդ գանգատների պատասխանն է: Հայաստանի հուշագիրը ներկայացնելու վերջնաժամկետը 2023-ի հունվարն էր (Հայաստանն այն արդեն ներկայացրել է դատարան, խմբ.), սակայն Ադրբեջանի հակահուշագրի ներկայացումը նախատեսված չէ մինչև 2024-ի հունվարը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը վերջերս որոշում կայացրեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները սահմանադրական են։ Չնայած Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1999-ին, այն դեռ չի վավերացրել։ Դատարանի որոշումը նշանակում է, որ Հայաստանը կարող է միանալ Միջազգային քրեական դատարանին, եթե Խորհրդարանը վավերացնի Հռոմի ստատուտը։ Իշխող ուժը կարծում է, որ ՄՔԴ-ին միանալը Հայաստանին հնարավորություն կտա ռազմական հանցագործությունների մեղադրանքներ ներկայացնել ադրբեջանցի զինծառայողների և նախագահ Ալիևի դեմ։ Սա հարցեր է առաջացնում այն մասին, թե Հայաստանի համար ՄՔԴ-ին հնարավոր անդամակցությունը ինչ կարող է նշանակել, և որքանով է իրատեսական կառավարության փաստարկը:
ՄՔԴ-ն այլընտրանքային և հավելյալ միջոց է քրեական պատասխանատվության ենթարկելու այն անձանց, որոնք միջազգային քրեական իրավունքի ամենավատ հանցագործություններն են կատարում, օրինակ՝ ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն: Երբ պետությունները վավերացնում են Հռոմի կանոնադրությունը, նրանք ընդունում են դատարանի իրավասությունը՝ պոտենցիալ հետաքննելու ցանկացած հանցագործություն, որը տեղի է ունենում իրենց տարածքում: Այսպիսով, եթե Հայաստանը վավերացնի Հռոմի կանոնադրությունը, ՄՔԴ դատախազը կարող է հետաքննել ցանկացած պատերազմական հանցագործություն, որը տեղի է ունենում Հայաստանի տարածքում՝ անկախ հանցագործի ազգային պատկանելությունից։
Հայաստանի ռազմավարությունը՝ Հռոմի ստատուտը վավերացնել որպես Ադրբեջանին սահմանափակելու միջոց նման է նրան, թե ինչու Պաղեստինը վավերացրեց Հռոմի ստատուտը։ Քանի որ Իսրայելը վերահսկում է միջազգայնորեն ճանաչված պաղեստինյան տարածքի մի մասը, այդ տարածքներում գործող իսրայելական ուժերը կարող են հետաքննել ՄՔԴ-ի կողմից: Մենք տեսանք դրա էլ ավելի դրամատիկ օրինակ. Ուկրաինան չվավերացրեց Հռոմի ստատուտը, սակայն 2015-ին ՄՔԴ-ին ուկրաինական տարածքում կատարված հանցագործությունները քննելու իրավասություն տվեց: Այսպիսով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ՄՔԴ-ն օրինական իրավասություն ուներ հետաքննություն սկսելու և այնուհետև Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու համար: Ներկայում ադրբեջանական զինուժը օկուպացնում է հայկական տարածքի մոտավորապես 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Եթե Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը, և եթե ադրբեջանական ուժերը ռազմական հանցագործություն կատարեն, գտնվելով այդ տարածքում, ապա հանցագործությունը կարող է ընկնել ՄՔԴ իրավասության ներքո։
Բայց իրատեսորեն, ՄՔԴ դատախազը պետք է հետաքննություն սկսի, նախքան որևէ քրեական հետապնդում հնարավոր լինի: Պաղեստինում հետաքննությունը սկսվել է 2021-ի մարտին՝ Պաղեստինի անդամ դառնալուց 7 տարի անց, իսկ Ուկրաինայում՝ 2022-ի մարտին՝ նաև ՄՔԴ-ին իրավասություն շնորհելուց 7 տարի անց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել