
Հայաստանը 92,3 մլն եվրոյի չափով նոր վարկ կստանա
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 23-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92 մլն 300,000 եվրո արժողությամբ:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։
Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
- Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
- Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
- Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել