
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի փակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով։ Այս մասին Կառավարության մարտի 23-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրան նախորդեց ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։
Թալիշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար ապացույց է։
44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տներն Ադրբեջանը քանդում է և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։
Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, այլևս իրականություն է։
Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։
Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ՝ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված»,- նշեց վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։
«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով։
Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի»,- ասաց նա։
Փաշինյանը ասաց՝ որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ տվյալ պահանջը արդարացի է համարում։
«ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի քաղաքական և դիվանագիտական բոլոր միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար։
Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել։
Նա բացահայտ, բառացի ասաց, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի իր պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը Ադրբեջանի այս գործողությունը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում համարեց՝ հիշեցնելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է այն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։
Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր»,- հայտնեց վարչապետը։
«Խաղաղության պայմանագիր լինելու է». վարչապետ
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։
«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սարգսյանին»,- նշեց Փաշինյանը՝ ցավակցելով զինծառայողի հարազատներին։
Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։
«Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։
Պիտի ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր Կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,- նշեց նա։
Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանն ասաց. «Խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ ՀՀ կառավարությունն ու հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգը ուժեղացնելով։ Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհից»։
Մեկնաբանել