
Ապօրինի գույքի բռնագանձման գործով պետության հետ հաշտության եկած անձը «Հարսնաքարի» տնօրենն է
Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, մարտի 21-ին կայացրել է իր առաջին վճիռը` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Դատախազությունը և պատասխանողներ Արթուր Մանուկյանը, Հասմիկ Բիչախչյանը հաշտության համաձայնության են եկել` հօգուտ պետության փոխանցելով Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը 81 մլն 962 հազ. դրամ է: Այսօր դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունը և այդ հիմքով վճիռ կայացրել:
Մինչև համաձայնության գալը` Դատախազությունը պահանջում էր բռնագանձել վերը նշված անշարժ գույքի 52.25%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը` 42 մլն 827 հազ դրամը: Սակայն կողմերը համաձայնության են եկել պետությանը փոխանցել այդ գույքի 100%-ը` փոխարենը բռնագանձման ենթակա որոշ գույքեր չեն բռնագանձվի:
Պարզեցինք, որ Արթուր Մանուկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մտերիմներից է:
Արթուր Մանուկյանն այժմ Սևանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տնօրենն է: Այդ պաշտոնը զբաղեցնում է 2020թ. մայիսից: «Հարսնաքար» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Ռուբեն Հայրապետյանի որդին է` Ռաֆիկ Հայրապետյանը:
Մանուկյանը 2020թ. սեպտեմբերից զբաղեցնում է նաև Ռուբեն Հայրապետյանին պատկանող Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հիմնադիր ընկերության` «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը:
Մինչ այդ Արթուր Մանուկյանը 9 տարի եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի տնօրենը, երբ Ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր:
Պետության հետ հաշտության եկած Մանուկյանը Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Բիզնես Պալե» ՓԲԸ-ում, «Արթուր Մանուկյան» ՍՊԸ-ում ևս մասնակցություն ունի:
Ինչ վերաբերում է Հասմիկ Բիչախչյանին, ապա նա աշխատել է Երևանի քաղաքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ:
Հիշեցնենք` «Հետքը» գրել էր, որ «Ապօրինի գույքի» գործերով առաջին անգամ Հակակոռուպցիոն դատարանում հաշտության համաձայնություն է հաստատվում: Գլխավոր դատախազությունը դատարանում գտնվող գործի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի էր պահում: Տեղեկատվություն չէր փոխանցում նաև պատասխանողների վերաբերյալ:
Այս գործով կողմերը հիմք են ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքները: Դրա համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների հանրագումարը կազմում է մոտ 96 մլն 151 հազ. դրամ:
Ուսումնասիրության վերջնական եզրակացությամբ նախատեսվել է, որ Արթուր Մանուկյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող և բռնագանձման ենթակա է 4 միավոր գույք և մոտ 17 մլն 170 հազ. դրամ:
Հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող գույքի միջին շուկայական արժեքը` 81 մլն 962 հազ. դրամը, կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքերի ընդհանուր արժեքի` 96 մլն 151 հազ. դրամ դրամի 85.24 %-ը։
Մասնավորապես, ուսումնասիրության արդյունքներով ապօրինի են համարվել հետևյալ գույքերը.
1․ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից հողատարածքի 52.25%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը` 42 մլն 827 հազ․ դրամ,
2․ Երևանի Ալմա-Աթայի փողոց 94 շինության 18․57%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 505 հազ. դրամ,
3․ Երևանի Իսահակյան թաղամաս 5/5 շենքի թիվ 6 բնակարանի 34․78%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը՝ 15 մլն 211 հազ. դրամ,
4․ Porche Cayenne S V8 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցի 81․21%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը` 7մլն 439 հազ․ դրամ,
5․ 10 մլն 540 հազ․ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ,
6․ 6 մլն 630 հազ․ դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել կամ բռնագանձել։
Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Դատական ակտը կամովին չկատարելու դեպքում` կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Մեկնաբանել