HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների ու Բաքվի միջև. Լավրով

Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների ու Բաքվի միջև։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների ժամանակ կողմերը ըմբռնում են ձեռք բերել, թե ինչպես Ղարաբաղում իրավիճակը բերել նորմալ հունի։

«Անշուշտ, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ պայմանավորվածությունները։ Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա կան պատմության ոչ վաղ օրինակներ: Նույնը եղել է նաև «Մինսկի համաձայնագրերում», այն մասին, թե ինչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան հատվածի բնակիչները։ Մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով սովորեցնելու, այդ լեզուն օգտագործելով ապրելու, աշխատելու, սեփական մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու և հայրենակիցների հետ ինչ-որ հատուկ կապեր ունենալու իրավունք։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր»,- հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այդպիսի իրավունքներ անհրաժեշտ կլինի նաև ղարաբաղցիների համար։ Լավրովը կարծում է, որ դա բարդ չէ անել։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան պարկեշտ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա իրավիճակին՝ Լավրովը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակի կայունության բանալին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունն է։ «Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունը մնում է բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման։ 

Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքում առկա իրավիճակին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս եռակողմ հայտարարության իրագործման օգտին ու Լաչինի միջանցքի թեման պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ «Մենք կողմ ենք, որպեսզի խստորեն և ամբողջ ծավալով, առանց որևէ իմպրովիզացիայի, իրականացնենք եռակողմ բոլոր  պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, ու առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այդ համատեքստում»,- հայտարարել է Լավրովը։ 

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին՝ Լավրովը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը չի հրաժարվել այդ առաքելության տեղակայման որոշումից։ «Ուզում եմ գոհունակություն հայտնել այն մասին, ինչը հիմա ասաց Արարատ Սամվելովիչը, իսկ հատկապես այն, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելության տեղակայման որոշման ստորագրումից»,- նշել է Լավրովը։

Անդրադառնալով նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների նոր եռակողմ հանդիպման ժամկետներին՝ Լավրովը նշել է, որ դա կքննարկվի ապագայում։ «Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետի մասով մենք այսօր խոսել ենք։ Մեր հայ գործընկերները հաստատել են մի քանի օր առաջ կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է այդպիսի հանդիպման անցկացմանը։ Կարծում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչ ժամկետներ կարող են հարմար լինել բոլոր երեք նախարարների համար»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Լուսանկարը՝ Sputnik / Валерий Мельников

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter