
Ալիևի պնդմամբ՝ հետպատերազմական իրողությունները պետք է տեղ գտնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ իրողությունները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի հետևանքով, պետք է հաշվի առնվեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում։
«Իրողությունները, որոնք կապված են բռնազավթման, պատերազմի, հետպատերազմական իրականության հետ, պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում։ Հակառակ պարագայում, որևէ խաղաղության պայմանագիր չի լինի»,- APA գործակալության փոխանցմամբ սպառնացել է Ալիևը։
Այցելելով Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Թալիշ և Մատաղիս բնակավայրեր՝ Ալիևը հայտարարել է, որ Թալիշի գրավումն առանցքային է եղել ադրբեջանական զինուժի առաջխաղացման համար։ Ալիևը հայտարարել է, որ եթե «Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը ևս չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ «Հայաստանը և նրա թիկունքին կանգնած կեղծավոր երկրները պետք է լավ իմանան, որ մեր դեմ որևէ կեղտոտ պլան չի հաջողվի իրագործել»,- հայտարարել է Ալիևը՝ պնդելով, որ իրենք ունեն ընկերներ, որոնք միշտ պատրաստ են օգնել։
Խոսելով Հայաստանի խաղաղ ապագայի հնարավորության մասին՝ Ալիևը հայտարարել է դրա ադրբեջանական բանաձևի մասին։ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մեկ պայման՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա իրականացնեն սահմանազատման աշխատանքներ»,- պնդել է նա։
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել