
Սարդի արծաթագույն լացը
Մենք պապիս թաղեցինք նրա մահից երեսուն տարի անց, թեև նրա մահվան մասին անգամ տատս արդեն իմիջիայլոց էր խոսում՝ որպես հեռավոր եղելության: Մեղավորը սփյուռքահայերն էին. եթե նրանք մի ամիս շուտ փող հանգանակեին ու գյուղ տանող Երևան-Սևան մարուղին վերանորոգեին, մենք դա չէինք անի: Իսկ այդ օրը գնում էինք, ու Արմենակը ճամփի դարուփոսերի մեջ մեքենան ջարդելիս, ամեն փոս ընկնելիս բղավում էր. «Առաջին ամսվա վարձը իմն ա…», «Երկրորդն էլ ա իմը…», «Երրորդն էլ որ տաք՝ եսիմ հերիքի՞ սարքելուն»: Իսկ վերջում մեքենան քաշեց-կանգնեց ու շրջվելով բղավեց մեզ վրա. «Ինձ բան էլ պետք չի, իջեք ռադ էղեք, քանի մեքենաս փշուր-փշուր չի էղել»: Հորեղբայրս նրանից բարձր գոռաց.
- Տո՛ դե քշի, հավեսդ չունեմ,- ու ճլտացրեց նրա վզին:
Արմենակը հայհոյանքը կուլ տալով անձայն շարժեց շրթունքները, հայելու միջից կատաղած նայեց ու բանալին պտտեցրեց:
- Այ ցավդ տանեմ,- հանգստացավ հորեղբայրս,- գեներալ մարդ ենք ժամադրել… հանա՞ք ես անում: Ուշացանք՝ ավտոմատը կդնի ճակատներիս…
Այդ ժամանակ մեր գյուղն համարյա ամայացել էր, ու տատս անձայն օրորվելով մղկտում էր: «Տնաշե՜ն,- ծաղրում էինք,- մոլորակներ են ամայանում, դու հարյուր տնտեսություն ունեցող գյուղի համար ես ողբում»: «Էլ գյուղ մնա՞ց,- ցավը զսպող սգավորի պես նստած տեղում ճոճվում էր,- հիմա տանիքի գերաններն էլ են փտել»:- Ու մեր գութը շարժելու համար ժամերով պատմում էր, թե ինչ զրկանքով են էդ տունը շարել. «Կյանքի գնով… ուղղակի կյանքի գնով»:
- Եթե զուգարանը ներսում լիներ,- ասաց հորեղբայրս,- կարելի էր բարձր ամսավճար ուզել:
- Իբր ամեն ինչ տեղին ա, մնում ա զուգարանը… ով գիտի՝ հիմա հողին ա հավասարվել:
Գյուղի մոտակա զինվորական զորամասից մեկը ցանկություն էր հայտնել վարձով ապրել մեր պապենական տանը, ու ողջ ճամփին քննարկում էինք, գցում-բռնում՝ ի՞նչ գին ասենք ամսվա համար, որ հանկարծ չխրտնի:
Դժվար է ասել՝ քանի՞ անգամ էր սարդը գնացել-եկել նույն տեղով, բայց երբ դուռը բացեցինք, ճերմակ, հաստ սարդոստայնը պատռվող կտորի ձայն հանեց, ու չորացած ճանճերը, որոնց մեջ կնճիթը խրել ու հեղուկը ծծել էր սարդը, իսկ սնամեջ պատյանը չորացել, խճճվել էր սարդոստայնին, գլգլացին ցած, ուղիղ գեներալի գլխարկի կզորակին, կտկտալով թափվեցին ու մնացին այնտեղ: Հորեղբայրս արդարացավ.
- Հազար տարի ա՝ չենք էկել… Չապրած տուն ա,- ու խորհուրդ տվեց գլխարկը թափ տալ: Ապա անցավ գործի.
- Սա՝ ննջարանը, սա՝ խոհանոցը, սա՝ խորդանոցը…
- Իսկ զուգարանն ո՞ւր ա:
- Զուգարա՞նը… ափսոս դուք չեք ճանաչել իմ հորը, հնարվոր չէր, որ նա որևէ բան շփոթեր: Նա ասում էր՝ ինչպես կարելի ա նույն տեղում և ուտես, և էդ բանն անես: Դրա համար էլ, զուտ հիգիենայի տեսանկյունից, զուգարանը դրսում ա սարքել:
- Դրսո՞ւմ… որտե՞ղ:
- Ա՜յ, էնտեղ,- հորեղբայրս ձեռքը ձգեց սարդոստայնի ու դռան վրայով և ցույց տվեց այգու խորքը:
- Ձմռանը վիճակս լավ չի լինի…- թոնթորաց գեներալը՝ այգու խորքը զննելով: Հավանաբար պատկերացրեց այն օրերը, երբ ձյունն առնվազն կես մետր նստում է, իսկ բուքը ոռնում է շներից աղիողորմ:
- Ոչ մի բան էլ չի լինի, եթե տեղը տեղին հագնվես: Չնայած ես մի հին դույլ կդնեի դռան հետևը և կաշխատեի լուծ չընկնել:
- Էդ մեկը հաստատ չի ստացվի,- ծիծաղեց գեներալը,- նորակոչիկների ծնողները սիրում են գառան խորոված պատիվ տալ:
Գեներալի ծիծաղի վրա ես հուսահատ մտածեցի. «…Ափսոս բենզինը, որ ծախսեցինք»:
Զինվորականը ներողամիտ ժպիտով կողքերը նայեց. պատուհանների վրա սարդոստայնը քարաքոսի պես պատել էր ապակիները և ցերեկվա լույսի տակ արծաթագույն փայլում էր՝ ասես եղյամ լիներ: Վերից սառը քամի էր փչում մեջքներիս, ու մեկ-մեկ էլ չոփ կամ հողահատիկ էր թափվում ցած: Գեներալը հայացքը կտրեց ապակուց ու նայեց առաստաղին, ուր փտած գերանը կոտրված ոսկորի պես անհավասար եզրերով ցցվել-կախվել էր դեպի մեզ.
«…Ուրվականներ էլ կլինեն,- սրսփալով մտածեցի ու սիրտ տվեցի ինքս ինձ,- իսկ ինչո՞վ ա ուրվականը սարդից վատ»:
- Չապրած տուն ա,- էլի արդարացավ հորեղբայրս:
- Վայթե իզուր էկանք,- ականջիս շշնջաց Արմենակը:
- Սիրտս նեղվում ա «վարձով» բառից…- ամեն ինչ տնտղելուց հետո հանկարծ ասաց գեներալը,- իմ ապրած տեղում տունն է՛լ, երկիրն է՛լ, աշխարհն է՛լ իմը պիտի լինի: Վաճառեք՝ առնեմ:
Մենք մտածեցինք՝ ձեռ է առնում, ու հորեղբայրս վիրավորված կատակեց.
- Չէ, ախպեր, դու դժվար թե տասներկու հազար դոլար ունենաս:- Ուղիղ հինգ անգամ ավել, ինչ ճոխ հաշվարկով կարժենար տունը:
- Ճիշտ ես,- ասաց զինվորականը,- տասներկու հազար չունեմ, բայց տասնմեկուկեսով կառնեմ:
Մի պահ լռություն տիրեց. մենք վախենում էինք մեր լսածին արձագանքելուց, որովհետև նա խոսում էր ժպտալով, ու մենք չգիտեինք՝ ձե՞ռ է առնում, թե՞ լուրջ է ասում… Չգիտեինք՝ մեզ ոնց պահենք, ի՞նչ ասենք, որ գործը չփչացնենք:
- Քո նման մարդուն, տասնմեկով էլ կտամ,- ասաց հորեղբայրս,- բայց մենք մենակ էս մի օրն ենք էստեղ, հասկանում ես, հո քաղաքից էսքան հոգով ամեն օր չենք գա, պիտի հենց հիմա ձևակերպենք:
- Ձևակերպելը չգիտեմ,- ասաց գեներալը,- բայց էսօր ձեզ կտամ երեք հազարը, մնացածն էլ՝ երկու օրից քաղաքում կհանդիպենք:
- Հա, ցավդ տանեմ,- ժպիտը դեմքի վրա չէր կարողանում հավաքել հորեղբայրս,- մենք էլ կգրենք ու կստորագրենք, որ փողը տվել ես…
- Ի՞նչ գրել, ի՞նչ բան,- նեղվեց զինվորականը,- էս ձեր փողը, թողեք հեռախոսի համարը, կզանգեմ, կհանդիպենք,- գրպանից հանեց ու տվեց փողը,- … Ինչի՞ց եք վախենում, որ գրում եք… Ես չեմ վախենում, ինձ խաբողը դեռ չի ծնվել,- ասաց:
Մենք մի կերպ դիմացանք, մինչև գնորդը գնաց, ու հետո հո չենք գոռում, հո ծափ չենք տալիս, հո չենք պարում:
- Մաղարի՛չ,- կպանք հորեղբորս,- մաղարի՛չ:
Հորեղբայրս հիշեց մոտակա մի ռեստորան: Քշել տվեց էդ ուղղությամբ: Արմենակի տրամադրությունը բարձր էր ու էլ փոսերից չէր դժգոհում:
- Էն գլխից էլ մի բան չէր,- ասաց ավտոյի մասին,- կտամ փոքր ախպորս, ինձ նորը կառնեմ:
Ռեստորանում կերանք, խմեցինք, երգեցինք, բաժակ ջարդեցինք… Արմենակը շենքի մոտ թափառող մի շուն գտավ, խոզի չալաղաջով կերակրեց:
- Քանի իրար հասկանում ենք,- օղու չորրորդ շշից հետո ասաց հորեղբայրս,- ասեմ՝ իմանաք. երեք հազարը ծախսելու ենք տատի բուժման վրա… Խեղճ մորս ոսկորները նվվում են:
- Դե հիմա… ի՞նչ պարտադիր ա…- փորձեց հակաճառել Արմենակը:
- Ծպտուն չլսեմ, շան թուլեք… իրա դառը քրտինքն ա,- հորեղբայրս բռունցքով խփեց սեղանին ու թարս նայեց բոլորիս:
Քեֆներս քոք՝ ես ու հորեղբայրս ջնջված, Արմենակը ճանապարհային տեսուչներից վախեցած՝ կիսահարբել, արդեն տեղներիցս ելնում էինք, երբ հորեղբայրս ափլփելով սեղանին հայտնաբերեց իր բաժակն ու ասաց.
- Էս մի կենացն էլ խմենք, ու ելնենք:- Նա ճոճվելով կանգնեց ու կառչեց սեղանի եզրից, որ չգլորվի,- էս էլ խմենք հորս կենդանի կենացը… էսօր ա իրա մահվան օրը, էսօր մենք իրան վերջնականապես թաղեցինք: Մերս լաց կլինի… դառը լաց կլինի…
Սուսաննա Հարությունյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել