
«Մարիաննա»-ն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը
Երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք տեղական արտադրության 10 ընկերության կաթնաշոռների փորձաքննության արդյունքները։ Փորձաքննությամբ պարզվել էր, որ 10 նմուշից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։
2-րդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. կաթնաշոռի մեջ բորբոսասնկերի թիվը 120 էր, ինչը գերազանցում է նորման 2,4 անգամ (նորմա՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի)։ Բացի այդ, այս կաթնաշոռում հայտնաբերվել էին մեծ քանակությամբ խմորասնկեր (այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)։
Այսօր ընկերությունն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը. պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հարգելի սպառողներ, ամենևին կասկածի տակ չդնելով Հետք-ի անաչառությունը և «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի պրոֆեսիոնալիզմը, ցանկանում ենք մեր պարզաբանումը տալ վերջին փորձաքննության արդյունքների կապակցությամբ։ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի որդեգրած քաղաքականությամբ, գործունեության առաջին իսկ օրվանից աշխատանքների հիմքում դրված է եղել անվտանգ և սպառողի պահանջմունքները բավարարող մթերքի արտադրությունը` արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի ներարտադրական լաբորատոր հսկողություն իրականացնելով:
Այդ է վկայում մեր արտադրանքի սպառման լայն շուկան ոչ միայն ՀՀ-ում այլև ՀՀ սահմաններից դուրս, ինչպես նաև «Հետք»-ի կողմից նմուշառված կաթնաշոռի կույր համտեսի արդյունքում մասնակիցների կողմից ստացված դրական ձայների քանակը։
Հայտնաբերված խախտման մասով նշենք, որ գործող օրենսդրությամբ կաթնաշոռի մեջ թույլատրվում է բորբոսասնկերի և խմորասնկերի որոշակի քանակ, նկատեք` ոչ թե իսպառ բացակայություն, այլ` որոշակի քանակ։ Գործարանից թողարկվող արտադրանքը միանշանակ իր բոլոր ցուցանիշներով համապատասխանում է ստանդարտի պահանջներին։
Այլ է, երբ չպահպանվեն ջերմային ռեժիմները, այդ դեպքում նշված մանրէները շատ արագ զարգանում են։ Բոլորս հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է կաթնամթերքը, նախքան սառնարանում տեղադրվելը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով երկար ժամանակ մնում վաճառակետի սրահում կամ ինչպես են սպառողները վերցնում շուտ փչացող մթերքը, ապա ինչ-ինչ պատճառներով չցանկանալով գնել այն, թողնում են որտեղ որ պատահի` այդ պահին մոտակա հարմար դարակաշարին։
Պատճառը միանշանակ է` պահման ջերմային ռեժիմի խախտում, իսկ թե որ փուլում է դա տեղի ունեցել, մենք անպայման կպարզենք` նմանատիպ դեպքերը բացառելու համար։
Մեկնաբանել