
Փաշինյանն ԱԳՆ-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության կանխարգելման մեխանիզմները գործարկելու ուղղությամբ
«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»,- այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այս արձանագրումն առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, որում հստակ արձանագրվել է՝ Լաչինի միջանցքի փակումը ԼՂ ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։
«Այս իմաստով կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- հայտնեց նա։
Փաշինյանի խոսքով՝ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։
«Քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, Պաշտպանության բանակի գոյությունն արդարացված է»
«Այս պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել։ Հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է անհրաժեշտ։
Ինչպես նշեցի իմ ասուլիսում, այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև դեկտեմբերի 6-ին Պրահայում` Ֆրանսիայի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի և իմ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի։ Առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել ԼՂ, Ադրեբջանի նախագահը հրաժարվեց։
ԼՂ-ում, ինչպես գիտեք, կա Պաշտպանության բանակ։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունն, այո, արդարացված է»,- ասաց Կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նշեց՝ ՊԲ-ն ԼՂ ժողովրդի ցեղասպանությունը կանխելու միակ մեխանզմը չէ։
«Եթե ՌԴ-ն չի կարող ԼՂ ժողովրդի անվտանգությունը երաշխավորել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»
«Այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՌԴ դաշնային խորհուրդը 2020թ. նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում՝ ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախումբ ԼՂ գործուղելու մասին։
«ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել` հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացավել ԼՂ անհապաղ բանակային զորախումբ ուղարկելու մասին»- մեջբերեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումը ներառել է որոշման մեջ։
«Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերը։
Ուզում եմ կրկնել՝ հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք։
Բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցք լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործողության վերաբերյալ։
«Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես, օրինակ՝ Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են։
Միևնույն ժաանակ, չեմ կարող չնշել ՌԴ խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»,- ասաց նա։
ԼՂ-ի շուրջ ծավալվող իրադարձություններում, վարչապետի խոսքով, անհանգստացնում է նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար։ «Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամեը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման, մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին»,- հայտնեց Փաշինյանը՝ առավել կարևոր համարելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմների գործարկումը։
«Հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի՝ օրակարգը կձախողվի։
Մտահոգիչ է նաև, որ մինչ հիմա չի գործարկվել մեկ այլ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը, որ տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։
Սա նշանակում է, որ Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և ԼՂ հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն։
ԱԳՆ-ին հանձնարարել եմ այս թեմայով պաշտոնական բանակցություն սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գխավոր հանձնակատարի հետ»,- հայտնեց վարչապետը։
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
«Թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ փուլ։ Կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հիշեցրեց, որ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել ռազմագերիներին։
Մեկնաբանել