
Սյունիքի դարպասներից մինչև Շվեյցարիա. 12-ամյա Վանուհին գերել է շվեյցարացիներին (վիդեո)
Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան
Եթե չլինեն ականջօղերը, դժվար կլիներ տարբերել` վաճառողը տղա է, թե աղջնակ: Կարճ, բայց խիտ մազերը ծածկում է կեպին: Աչքերը չեն երևում կեպիի տակ, որովհետև նրա ամոթխած հայացքը գրեթե միշտ ներքև է նայում:
12-ամյա Վանուհին է. Եղեգնաձոր-Սյունիք միջպետական ճանապարհին` Սյունիքի դարպասների մոտ, արդեն երկու տարի առևտուր է անում: Նա մրգեղենի գներն է ասում, արագ-արագ կշռում և սպասարկում է ճանապարհորդ-հաճախորդներին:
Անցյալ տարի էլ` հավանաբար նմանատիպ մի օր էր, երբ Շվեյցարիայից ժամանած խմբից մեկը նկարեց Վանուհուն: Բայց ո՞վ գիտեր, թե այդ նկարը զբոսաշրջիկների «լավ կադր բռնելու» հերթական փորձը չէր, նկարողն էլ` ֆոտոլրագրող էր և Վանուհու լուսանկարը պիտի մրցույթի ներկայացներ, նկարն էլ` ճանաչվեր լավագույնը: Այդ մասին Վանուհին ու նրա ընտանիքը միայն այս տարի են իմացել, երբ շվեյցարացին վերադարձել է Հայաստան, որպեսզի ստանա անչափահաս աղջկա ծնողների թույլտվությունն ու ստորագրությունը` Վանուհու լուսանկարը գրքում տպագրելու համար:
«Վանուհու նկարն ինչ-որ առաջնություն է շահել, հիմի գիրք է լույս տեսնում»,- միայն այսքանը գիտի այդ մրցույթի մասին Վանուհու պապը` Ռաֆիկ Բաղդասարյանը: Նա է թոռնուհու հետ առևտուր անում, բայց շատ հաճախ բացակայում է, և Վանուհին միայնակ է սպասարկում գնորդներին: «Լրիվ ինքն ա անում` հաշվարկ բան, և ոչ մի վրիպում, սխալվել, էս-էն,- թոռնուհու մասին պատմում է Ռաֆիկ պապը և շարունակում,- դպրոցում սովորում ա, լավ էլ սովորում ա, լավագույն աշակերտներից մեկն ա»:
Ռաֆիկ պապն է հիմանականում պատմում, իսկ Վանուհին միայն ամոթխած «հա» ու «չէ» է պատասխանում մեր հարցերին` կարմրելով և աչքերը գետնից չբարձրացնելով:
![]() |
![]() |
Նախկինում Բաղդասարյանների ընտանիքը Հրազդանում է ապրել, հետո տեղափոխվել է Վայոց ձորի մարզի Սարավան համայնք` Սարալանջ թաղամաս: Վանուհու հայրն անասուն է պահում, մայրը դաշտերից սունկ, կանաչեղեն է հավաքում, Վանուհու եղբայրն էլ ձուկ է բռնում, որ քույրն ու պապը վաճառեն:
Սյունիքի դարպասների մոտ երկու տարվա իր փորձից Վանուհին արդեն գիտի, թե որ ապրանքը լավ կիրացնեն, որը` ոչ: Ասում է` ամենալավ ծիրանն է վաճառվում, իսկ ամենալավը առևտուրն ստացվում է պարսիկների հետ:
Փողոցի վրա առևտուր անելիս և տարբեր ազգության մարդկանց հետ շփվելիս Վանուհին օտար լեզուներ է սովորել, պարսկերեն ու անգլերեն հասկանում է և որոշ չափով այդ լեզուներով հաղորդակցվում արտասահմանցիների հետ:
Չնայած պարսիկներին ամենալավ առևտուր անող հաճախոսրդներն է համարում, բայց եղել են դեպքեր, երբ նրանք առանց վճարելու ապրանքն առել ու փախել են: Վանուհին ասում է, որ հայերն ավելի հաճախ են նույն կերպ վարվում. «Գիլաս առան ու փախան, նստան մեքենան գնացին»,- նման մի դեպք է հիշում Վանուհին: Փախչողները երեխաներ չեն եղել, ոչ էլ երտասարդներ, մեծ մարդիկ են եղել, որոնք չվճարելով դպրոցական, 12-ամյա աղջնակին` մրգերն առել, նստել մեքենան ու արագ հեռացել են: 12-ամյա աղջիկը ոչինչ անել չի կարողացել, բայց այդ մասին հիմա ժպիտով է հիշում:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել