HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է բոլոր լծակներով ճնշել Ադրբեջանին». Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին

«Իրավական բոլոր մեխանիզմները պետք է գործադրվեն, որպեսզի Ադրբեջանն իր պարտավորությունները կատարի»,- Արդարադատության միջազգային դատարանի ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ կայացրած որոշման վերաբերյալ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Հայաստանի պահանջի մասին որոշումը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Արցախի գազամատակարարումը եւ էներգամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Հայաստանի պահանջը չբավարարվեց, քանի որ, ըստ դատարանի, Հայաստանը բավարար ապացույցներ չէր ներկայացրել առ այն, որ Ադրբեջանն է դրանք խափանել։ 

Ըստ իրավաբանի՝ մինչև հիմնական գործի քննությունը Ադրբեջանի չկատարած պարտավորությունների վերաբերյալ ապացույցները և խախտումները, որոնք վերաբերում են դատարանի որոշումներին, ներկայացվելու են ՄԱԿ-ի արդարադատության դատարան:

Այն հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա դատարանի որոշման անտեսումը Ադրբեջանի համար, Կիրակոսյանը պատասխանեց՝ երբ 15 պետություն սկսում է նույնը պնդել, իսկ միջազգային կազմակերպությունները  կոչեր են անում, այն ձնագնդի էֆեկտով կարող է բերել զգալի արդյունքի՝ ստիպելով Ադրբեջանին կատարել իր դեմ դրված պարտավորությունները», - ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Իսկ հարցին, թե ինչու՞ է Լաչինի միջանցքը շարունակում փակ մնալ, Կիրակոսյանը պատասխանեց. «Միջազգային իրավունքում հարկադրանքի հստակ մեխանիզմներ չկան. չունենք նման ինստիտուտ, որը զբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարմամբ։ Ամբողջ գործընթացը քաղաքական է, և այն ենթադրում է աշխատանք»։

Նա հայտնեց, որ այս պահին ՄԻԵԴ–ում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4 գործ կա։ Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդող 2 ամիսների ընթացքում կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը ՀՀ–ի սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության մասին է և դրանով իսկ՝ մարդու իրավունքների խախտման, իսկ չորրորդը ներառում է 2022-ի մարտին Փառուխում տեղի ունեցած դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։

«Հայաստանի կողմից ՄԻԵԴ ուղարկված  պահանջների մասով դատարանը բավարարեց առաջին երկու պահանջները՝ կիրառել ժամանակավոր միջոց՝ պարտավորեցնելու Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ անցումը երկու ուղղություններով՝ բեռների, տրանսպորտային միջոցների և անձանց համար»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Ե. Կիրակոոսյանը խոսեց նաեւ Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասին։ Ըստ նրա՝ դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Նոր ապացույց ի հայտ գալու դեպքում կդիմեն դատարան: 

«Կան նաև անհետացման այլ դեպքեր։ Ունենք ապացույցներ, որ մեր տղաներն ադրբեջանական զինվորների վերահսկողության ներքո են եղել: Հաստատված ինֆորմացիա չկա՝ մահացա՞ծ են, թե ոչ»,- ասաց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Անի Ղումաշյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter