
Քաղաքական հաշվեհարդա՞ր, թե՞… Արամուսում ստուգումները շարունակվում են
Այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակիցներն ավարտել են Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանում փաստաթղթերի ստուգումը: Արամուսի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ համայնքապետարանի բոլոր փաստաթղթերն առգրավված են, եւ հավանաբար երկուշաբթի ստուգումները կշարունակվեն: Համայնքապետի մոտ է մնացել միայն կնիքը:
«Բոլոր տեսակի փաստաթղթերը վերցրել են, դրանք լինեն ֆինանսական, թե որոշումներ, դիմումներ, պիտանի եւ ոչ պիտանի փաստաթղթեր, մի խոսքով` բոլորը»,- ավելացրեց Հրայր Նիկողոսյանը:
Հիշեցնենք, այսօր կեսօրին ոստիկանները դատարանի որոշումը ձեռքներին այցելել են Արամուսի համայնքապետարան եւ դռները փակելով փաստաթղթերի ստուգում են իրականացրել: Իրավիճակին ծանոթանալու նպատակով գյուղ են այցելել ԲՀԿ-ական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանն ու Էլինար Վարդանյանը, սակայն պատգամավորների ասելով` ոստիկանությունն իրենց նկատմամբ բարյացակամ չի գտնվել եւ որեւէ պարզաբանում չի տվել, ավելին` արգելել են պատգամավորներին մտնել համայնքապետարան: Թե Տիգրան Ուրիխանյանը, թե համայնքապետը չբացառեցին, որ ոստիկանների ստուգումները կարող է քաղաքական հետապնդում լինեն:
Հրայր Նիկողոսյանն ասաց, որ ստուգումների պատճառն իբր դպրոցի հետ կապված չարաշահումներն են: Համայնքապետը, թեեւ դատարանի որոշումը կարդացել էր, սակայն առողջական խնդիրների պատճառով չէր հիշում, թե կոնկրետ ինչ գործառույթ պետք է իրականացնեն ոստիկանները:
«Իհարկե, ես իմ դպրոցին օգնել եմ, ոնց չեմ օգնել: Գումար չեմ հատկացրել, բայց դպրոցի պատուհաններն ամբողջությամբ փոխել եմ` եվրոպատուհաններ եմ դրել, լսարան եմ կառուցել: Եթե տնօրինությունը դիմում է ներկայացրել, բա իհարկե, օգնել եմ, խի՞ չօգնեմ, իմ դպրոցն է, իմ համայնքն է: 2004, 2005, 2006 թվականներին, կոնկրետ չեմ հիշում, բայց տարիների ընթացքում դպրոցին շատ եմ օգնել: Իսկ վերջին 2-3 տարվա ընթացքում, երբ որոշում եղավ, որ համայնքապետարանն իրավունք չունի դպրոցին, որպես պետական հաստատություն, օգնելու, ես դադարեցրի օգնությունը: Միայն, եթե տնօրինությունը դիմում է ներկայացրել, որ գույքի կարիք ունեն, ձեռք եմ բերել ու նվիրատվություն եմ արել դպրոցին»,- ասաց Արամուսի համայնքապետը:
Նա հատուկ շեշտեց, որ սպորտդահլիճի հետ կապված ոչ մի ներդրում չի արել: «Սա շատ կարեւոր բան է, որ սպորտդահլիճի հետ կապված ես ոչ մի ներդրում չեմ կատարել»,-ավելացրեց Հրայր Նիկողոսյանը:
Նշենք, որ համայնքապետը վերջերս սրտի փակ վիրահատություն է տարել` ստենդ են դրել: Այսօր մի պահ ինքնազգացողությունը վատացել է, եւ արյան ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ոստիկանները թույլ չեն տվել, որ համայնքապետը տարածքից դուրս գա, վերջինս էլ ստիպված խնդրել է, որ դեղերը տնից հասցնեն համայնքապետարան, որպեսզի ընդունի:
Մեկնաբանել