
241 մլն դրամ՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների համար
Կառավարությունը պահուստային ֆոնդից 240 մլն 542 հազ. դրամ կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով։
Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում, և իրավունք կա նախատեսվող հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո կազմակերպելու:
Միջոցառումների նպատակն է՝ հայ արդի և դասական կինոարվեստի հանրայնացումն ու տարածումը, միջազգային դիրքավորումն ու ճանաչելիության բարձրացումը, կինոժառանգության վերաարժևորումը, կրթական որակի բարձրացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը:
«Կինոյի 100-ամյակը կարևոր իրադարձություն է, և այն պետք է ընկալենք որպես անկյունաքար մեր հետագա ռազմավարական ծրագրերն իրականացնելու ճանապարհին»,- հարցի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես նշված է որոշման նախագծում, ծրագիրն ուղղված է տարբեր տարիքային լսարանների, նաև՝ զբոսաշրջիկների, ներգրավվելու են փորձագետներ, կինոգետներ, հետազոտողներ և կինոսերներ։
Որպես ծրագրի արդյունք ակնկալվում է՝ հայ կինոյի միջազգայնացում և ճանաչում ներկա և հետագա միջազգային գործընթացներում, հայկական ժամանակակից կինոյի դիրքավորում միջազգային կինոոլորտում, հայ կինոժառանգության հանրահռչակում, երիտասարդ սերնդի մերձեցում հայ մշակութային ժառանգությանը, ֆոնդահայթայթման խթանում, համատեղ արտադրության զարգացում:
«Շուրջ 4000 խաղարկային, վավերագրական, անիմացիոն, հեռուստատեսային և փորձարարական ֆիլմերից բաղկացած ժառանգություն, որն իրավամբ կարելի է համարել հայ ժողովրդի և Հայաստանի առավել նշանակալի ձեռքբերումներից մեկը։
Այդուհանդերձ, Հայ կինոյի հարուստ պատմությունն այսօր քիչ է ուսումնասիրված նոր սերնդի կողմից ու մնում է գրեթե անհայտ Հայաստանի սահմաններից դուրս»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղությամբ՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումներ:
Մեկնաբանել