
«Գաղափարական վիտամին սուջուխ` իգական սեռի համար», «կաթնատվություն բարձրացնող կուկուռուզ» այլևս չկա, մնացել է միայն «դզող գինին»
Եղեգնաձոր-Սյունիք ճանապարհին` Արփի գյուղի մոտ, զբոսաշրջիկներին գրավող նախկին փոքրիկ շուկայի տաղավարներն այլևս աղքատ են, իսկ 5 տաղավար ընդհանրապես չի գործում: Չկան նաև նախկին գրավիչ գովազդային գրություններն ու ցուցանակները:
Աշխատակիցները պատմեցին, որ փոքրիկ շուկայի «աղքատացմանը» նպաստեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ մտավ այս տարվա ապրիլի 1-ից, և մարդիկ ստիպված փակեցին իրենց առևտրի տաղավարներն ու հեռացան:
Նախկինում առևտրականները գրանցված էին որպես անհատ ձեռներեցներ և շուկայում տարածքը վարձկալում էին տնօրենից: Ամսական մոտ 25-30 հազար դրամի չափով հարկային վճարումներ էին կատարում` ամսվա կեսին (սոցվճարներն էլ հետը), իսկ օրենքի փոփոխությունից հետո պետք է եռամսյակի սկզբին ընդհանուր առմամբ վճարեն 185 հազար դրամ, երբ դեռ ոչ առևտուր են արել, ոչ էլ եկամուտ ստացել:
«105 հազար արենդի փող էինք տալիս, 30 հազար հարկայինը` սոցապի հետ միասին, 10 հազար էլ լույսը: Շեֆը իջացրեց արենդը` 70 հազար: Հիմա ամբողջն իրար հետ պիտի տայինք 185 հազար»,- պատմեց հարևան տաղավարի աշխատակիցներից մեկը:
Այժմ նույն տաղավարների սեփականատերերը դարձել են շուկայի տնօրենի աշխատողները և վաճառում են նրա ապրանքը: Ըստ աշխատակիցների` շուկայի տնօրենը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնապահ, Եղվարդի, Արարատի, Եղեգնաձորի նախկին միլպետ Գագիկ Պետրոսյանն է` նույն Արփի գյուղից: Վաճառողների խոսքով` վաճառվող ապրանքը քիչ է, որովհետև Գագիկ Պետրոսյանի գործերն էլ լավ չեն:
Արփի գյուղի մոտ գտնվող այս տաղավարները գրավում էին զբոսաշրջիկներին տեղական արտադրության մթերքներով: Նախկինում շուկան գրեթե միշտ մարդաշատ էր, իսկ հիմա քչերն են կանգ առնում այնտեղ. «Էսօր մենակ 3 ավտոբուս պարսիկներն են կանգնել, մեկ էլ մի երկու մեքենա»,- դժգոհեց 10 տարի շուկայում առևտուր անող աշխատակիցը:
Մինչդեռ այս շուկայում կատարվող առևտրով Արփի գյուղի բազմաթիվ ընտանիքներ են կերակրվել: «Մեկից ձու էինք վերցնում, մյուսից` կաթ, երրորդից` մեկ ուրիշ բան: Ամբողջ գյուղի համար էր սա շուկա, կարողանում էին իրենց մթերքը վաճառել այստեղ»,- պատմեց հարևան տաղավարում աշխատող կինը:
Մեկնաբանել