
Նախկին դասախոսն ընդդեմ բուհի. 18 ղեկավար անձանց գործով կկայացվի վճիռ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանն ընդդեմ բուհի 18 աշխատակիցների`վիրավորանքի և զրպարտության հիմքով քաղաքացիական գործի դատաքննությունն ավարտվեց: Սույն գործով վճիռը կհրապարակվի հունիսի 19-ին, Սպիտակի դատարանում:
Հայցադիմումի համար հիմք էր ընդունվել անցյալ տարվա օգոստոսին բուհի 18 ստորաբաժանումների ղեկավարների կողմից Լ. Աշուղյանին ուղարկված «բաց նամակը», որ միաժամանակ հասցեագրված էր ԿԳ նախարարությանն ու մի շարք լրատվամիջոցների:
Այն շարադրված էր նմանատիպ արտահայտություններով. «Լ. Աշուղյանը հեռուստաեթերից չգնահատված գիտնականի կեցվածքով հայտարարում է», «…փորձել ենք ձեռք մեկնել մի մարդու, ում ապագան խիստ մշուշապատ էր, մեղմ ասած, իբրև դասախոս կայանալու և գիտական աշխատանք կատարելու առումներով», «Եթե հանենք նրա գիտական հոդվածներում կատարված մեջբերումները և հղումները, ապա, կարծում ենք, իբրև Լ. Աշուղյանի «գիտական ձեռքբերումներ» կմնան հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում կատարված ընդամենը մի քանի թոթովանքներ», «Հաշվի առնելով Լ. Աշուղյանի ընտանեկան, սոցիալական անբարենպաստ պայմանները`նրան ընդունել ենք աշխատանքի», «Միթե նրա տվյալներով մարդու համար բավական չէ հենց գործակարգավարի պաշտոնը, որում, ի դեպ, նա ընդունվել է աշխատանքի», և այլն:
Դրանք որակելով իր հասցեին արված վիրավորանք-զրպարտություններ`նախկին դասախոսը հայց է ներկայացրել նամակի հեղինակների դեմ`պահանջելով ԿԳ նախարարությանն ու լրատվամիջոցներին համապատասխան հերքման տեքստ ուղարկելու միջոցով հերքել իրեն զրպարտող տեղեկությունները, իր հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել իրենից և որպես փոխհատուցում յուրաքանչյուր պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն դրամ:
Լ. Աշուղյանն սկզբում 17 աշխատակիցների դեմ էր հայցը ներկայացրել`նախկին ռեկտոր Ռաֆիկ Եդոյանի անունը հանելով նամակագիրների ցանկից: Տվյալ դեպքում առաջնորդվել էր բարոյական այն սկզբունքով, որ իր ընտանիքի որոշ անդամներ մտերիմ հարաբերությունների մեջ էին եղել նախկին ռեկտորի հետ: Բայց վերջինս, վիրավորված, դիմում էր ուղարկել դատարան, որ լինելով «բաց նամակի» համահեղինակ, սույն գործով պատասխանող չէ: Եվ «որպեսզի նախկին ռեկտորի «վիրավորանքը» շարունակական բնույթ չկրի», հայցվոր կողմը, ի թիվս 17 գործընկերների, նրան նույնպես ներգրավեց որպես պատասխանող:
Պատասխանողների ներկայացուցչի առարկությունը
Դատարանում բուհի 18 աշխատակիցների շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Հակոբյանը առարկություն է հայտնել Լ. Աշուղյանի հայցադիմումի վերաբերյալ`պնդելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման: Վիճարկել է «բաց նամակի» հրապարակայնության հարցը`նշելով, որ այն ստացվել է փոստով, փակ ծրարով, որևէ տեղ չի տպագրվել, ուստի, ըստ նրա, նամակում տեղ գտած արտահայտությունները հրապարակային չեն:
Ըստ Ռ. Հակոբյանի`18 անձինք «ստիպված» են պատասխանել Լ. Աշուղյանին բաց նամակով`» ի պատասխան նրա հորինվածքների, վիրավորանքների, զրպարտությունների», և որ «բաց նամակը» հաջորդել է ԶԼՄ-ներով նրա կողմից բուհում կատարվող չարաշահումների, խախտումների վերաբերյալ հրապարակումներին:
Իր առարկության մեջ փաստաբան Հակոբյանն անդրադարձել է «բաց նամակին» նախորդած որոշ իրադարձությունների`նպատակ ունենալով այդ շարադրանքով «հասկանալի դարձնել հայցադիմումի ակնհայտ անհիմն լինելը». Լ. Աշուղյանը ռեկտորին հայտնել է հայոց լեզվի ամբիոնի վարիչի թույլ տված խախտումների մասին և խնդրել է միջոցներ ձեռնարկել: Նույն խնդրով դիմել է գերատեսչություններին: Աշխատանքում վերականգնվելու պահանջով հայց է ներկայացրել դատարան, որը մերժվել է: Վերադաս ատյանները չեն բավարարել վճռի դեմ նրա բերած բողոքը, և այն օրինական ուժի մեջ է մտել:
Հայոց լեզվի ամբիոնի 16 աշխատակիցներ դիմում են հասցեագրել ՎՊՄԻ-ի ռեկտորին`հերքելով ամբիոնի վարիչի հասցեին Լ. Աշուղյանի արած հայտարարությունները և անհնարին համարելով նրա հետ համատեղ աշխատանքը`ռեկտորից խնդրել են միջոցներ ձեռնարկել` շտկելու իրավիճակը, պաշտպանելու իրենց հեղինակությունը նրա անպատկառ հարձակումներից: Նաև`20 ուսանողներ դիմում են ներկայացրել բանասիրական ֆակուլտետի դեկանին`հայտնելով, որ Լ. Աշուղյանի ղեկավարած`բառագիտության պրակտիկայի ժամանակ վերջինս իր հետ կողմնակի անձ է բերել «Ծերերի տուն»: Ամբողջ պրակտիկայի ընթացքում Աշուղյանն ու կողմնակի անձն անհարիր հարցեր են ուղղել իրենց քննությունների վերաբերյալ, բացասական կարծիք հայտնել գրեթե բոլոր դասախոսների մասին:
Ըստ պատասխանողների ներկայացուցչի`նամակի հեղինակները`նախկին ռեկտոր, պրոռեկտոր, ռեկտորի խորհրդական, ուսումնական վարչության պետ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, լինելով պետական և կառավարական պարգևներ ստացած, գիտական աստիճաններ ու կոչումներ ունեցող մարդիկ, «շատ լավ գիտեն, թե ինչն է գիտական ձեռքբերում, և ովքեր կարող են այդ մասին բարձրաձայնել»: Դատարանում վիճարկվող արտահայտություններն էլ, ըստ նրա, 18 անձանց կարծիքն է Լ. Աշուղյանի մասնագիտական ունակությունների մասին և նրա բնութագիրը: Կրկնել է «բաց նամակում» արտահայտված միտքը, որ 16 տարիների ընթացքում անգամ սովորական ընդունակությունների տեր մարդիկ թեկնածուի գիտական աստիճան են ձեռք բերում, իսկ Աշուղյանն այդ ընթացքում ընդամենը մասնագիտական որակավորման քննությունն է հանձնել և 7 հոդված տպագրել:
Հայցվորի ներկայացուցիչների պատասխանը
Հայցվորի ներկայացուցիչներ փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը ներկայացրել են ծավալուն բացատրություն հայցադիմումի առարկության վերաբերյալ`հիմնավորելով, որ շարադրված բոլոր հանգամանքներն ու փաստարկումերը անհիմն են, իսկ փաստերը`հաճախ խեղաթյուրված, հայցն էլ հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վկայակոչել են ՍԴ որոշումը, համաձայն որի`հրապարակային է առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելը: Իսկ «բաց նամակը» հասանելի է դարձել առնվազն «Առավոտ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերի խմբագրակազմերին, ուստի` համապատասխանում է հրապարակայնության պահանջին: Ըստ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»`«բաց նամակ» նշանակում է «մամուլում հրապարակվող նամակ՝ ուղղված որևէ մեկին»: Պատասխանողներն այն ուղարկել են լրատվամիջոցներին՝ նպատակ ունենալով հրապարակայնացնել այնտեղ շարադրված վիրավորական և զրպարտչական արտահայտությունները:
Նամակի բովանդակությունը հենց այդպես էլ ընկալվել է լրատվամիջոցների կողմից, ինչի պատճառով էլ նրանք ձեռնպահ են մնացել մասնավոր անձի վերաբերյալ այդ աստիճանի վիրավորական նյութ տպագրելուց: Ի պատասխան «Առավոտ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերին ուղարկված հարցման, թե ինչ պատճառով թերթերը չեն տպագրել նշված «բաց նամակը», «Հայկական ժամանակից» ստացվել է պատասխան, որ այն չի տպագրվել ծավալի և վիրավորական արտահայտությունների պատճառով:
Պատասխանողների ներկայացուցչի մատնանշած`դատարանի կողմից Աշուղյանի`աշխատանքում վերականգնվելու հայցի մերժումը, ըստ հայցվորի ներկայացուցիչների, ոչ մի իրավական արժեք չունի սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու հարցում: Չնայած, ինչպես նրանք են պնդում, նախկին դասախոսի և ռեկտորի միջև կնքված և տարին մեկ պարբերականությամբ երկարաձգվող որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները չեն համապատասխանել օրենքի դրույթներին:
Նախկին դասախոսի պահանջները`աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդ վճարելու մասին, եղել են ավելի քան արդարացի, սակայն, Լ. Աշուղյանը, չլինելով իրավաբան և չունենալով բավարար միջոցներ`օգտվելու որակյալ իրավաբանական օգնությունից, չի կարողացել ճիշտ ձևակերպել իր հայցապահանջը: Արդյունքում, դատարանը, պատճառաբանելով, որ կաշկանդված է հայցապահանջով, մերժել է այն`սխալ ձևակերպման պատճառով: Դա բնավ չի նշանակում, որ բուհը գործել է օրինականության շրջանակներում:
Պատասխանողների ներկայացուցչի` «բաց նամակին» նախորդած, ժամանակագրությամբ ներկայացվող իրադարձությունների հատվածը համոզիչ կերպով ապացուցում է հենց Լ. Աշուղյանի, այլ ոչ թե պատասխանողների բարեխղճությունն ու սրտացավությունը: Իր դիտարկած իրավախախտումների մասին Աշուղյանն առաջինը պաշտոնապես տեղեկացրել է ռեկտոր Գ. Խաչատրյանին: Իր դիմումում անդրադարձել է ամբիոնի վարիչ Տ. Ավետիսյանի կողմից կատարվող աշխատանքային օրենսդրության խախտումներին: Նշել է, որ չի անցկացնում դասալսումներ, ամբիոնի նիստեր, որ անօրինական կարգով միաժամանակ լրիվ դրույքով աշխատում է նաև ՀՀ ԳԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես թեմատիկ խմբի ղեկավար, ինչի պատճառով երկու շաբաթը մեկ է ՎՊՄԻ-ում աշխատանքի ներկայանում, որ ամբիոնի վարիչը կամայականորեն է դասաբաշխում կատարում, ամբիոնում պահում է իրենից ցածր որակավորում ունեցող մասնագետներ (Նունե Մովսիսյան, Անահիտ Արզումանյան, Աննա Դարբինյան):
Եվ փոխանակ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Աշուղյանի բարձրացրած խնդիրներին լուծում տալու՝ ռեկտորն անուշադրության է մատնել նրա հարցադրումները: Աշուղյանը դիմումը հասցեագրել է նաև ՀՀ պատկան մարմիններին`ԿԳ նախարարությանը, վարչապետին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, որոնցից միայն ԿԳ նախարարությունն է արձագանքել նրա բողոքին և ստուգելուց հետո չի հայտնաբերել և ոչ մի խախտում: Երկուսուկես ամիս սպասելուց և իր բարձրացրած խնդիրների հարցում այսօրինակ արձագանք ստանալուց հետո է միայն Լ. Աշուղյանը դիմել ԶԼՄ-ներին`փորձելով հանրությանը նույնպես տեղեկացնել այն մասին, թե մարդու իրավունքների և աշխատանքային օրենսդրության ինչպիսի խախտումներ են տեղի ունենում իրենց բուհում:
Բերելով համապատասխան փաստարկումներ ու հղումներ`փաստաբաններ Լ. Հակոբյանն ու Տ. Եգորյանն արձանագրել են, որ բուհում իրոք տեղի են ունենում խախտումներ`միաժամանակ ցույց տալով, որ Լ. Աշուղյանը որևէ զրպարտություն չի տարածել, այլ ընդամենը բարձրաձայնել է բուհում իրականացվող լայնածավալ խախտումները: Վկայակոչել են «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի հարցմանն ի պատասխան ԿԳ նախարարության կողմից ուղարկված գրությունը, որով փաստվում է, որ 2011թ. մարտի 16-18-ը նախարարության կողմից կազմված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել ՎՊՄԻ-ում՝ բուհի մեկ այլ աշխատակցի կողմից բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Արդյունքում պարզվել է, որ բուհի ռեկտորի կողմից մի շարք աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը չեն համապատասխանում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասին (որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր) եւ 99-րդ հոդվածի պահանջներին (համատեղությամբ աշխատանք):
Փաստաբաններն իրենք էլ դիմել են ՀՀ աշխատանքի պետական տեսչություն`խնդրելով տեղեկացնել, թե երբ է տեսչությունը վերջին անգամ ստուգումներ իրականացրել ՎՊՄԻ-ում: Ի պատասխան`ստացվել է գրություն`կից փաստաթղթերով, որոնցից պարզ է դառնում, որ վերջին անգամ ՎՊՄԻ-ում ստուգումներ իրականացվել են 2009թ. սեպտեմբերին: Արդյունքում ի հայտ են եկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջի խախտումներ, նշանակվել է վարչական տույժ: Համաձայն պետի տեղակալի որոշման մեջ արձանագրված ձևակերպումների՝ «ՊՈԱԿ-ի դասախոսներից մի մասի հետ կնքվում են որոշակի ժամկետով (մինչև մեկ տարի ժամկետով) աշխատանքային պայմանագրեր, այսինքն` կատարվել է արարք, որի համար նախատեսվում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով»:
Որոշմամբ արձանագրվել են նաև աշխատանքային օրենսդրության մի շարք այլ պահանջների խախտումներ եւ նշանակվել են վարչական տույժեր՝ նախազգուշացման եւ դրամական տուգանքի տեսքով: Որոշմամբ ֆիքսված է նաև, որ գործատուի ներկայացուցիչ ռեկտոր Գ. Խաչատրյանը կազմված արձանագրության և ստուգման ակտի վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել: Նույն ժամանակ տեսչական ստուգում են իրականացրել նաև հարկային մարմինները և հայտնաբերել նույնատիպ խախտումներ: «Ըստ այդմ՝ հերքվում են բոլոր պնդումներն այն մասին, որ հայցվոր Լուսինե Աշուղյանը տարածել է զրպարտչական տեղեկություններ բուհի ռեկտորի եւ բուհում ղեկավար պաշտոններ զբաղեցնող այլ անձանց հասցեին»,-ամփոփում են փաստաբանները:
Հենց պատասխանողների ներկայացուցչի բերած ժամանակագրությունից պարզ է դառնում, թե հայոց լեզվի ամբիոնի 16 աշխատակիցների`ռեկտորին ուղղված դիմումը, թե դրա քննարկումը տեղի են ունեցել Լ. Աշուղյանի`բուհում մարդու իրավունքների և աշխատանքային օրենսդրության խախտումների վերաբերյալ մամուլում արված հրապարակումներից հետո: Ուստի, փաստաբանների գնահատմամբ, դա «քծնանքի և հաճոյանալու փորձ» է ամբիոնի վարիչից կախում ունեցող նույն ամբիոնի աշխատակիցների կողմից: Բուհի ղեկավար աշխատակազմից կախվածությունն է ստիպել նաև ուսանողներին ստորագրելու Աշուղյանի դեմ ուղղված դիմումի տակ:
Ուշագրավ է, որ ուսանողները դիմում են գրել, երբ նախ` Աշուղյանն արդեն ազատված էր աշխատանքից, իսկ իրենց վկայակոչած այցելությունը «Ծերերի տուն» տեղի էր ունեցել դրանից տասնութ օր առաջ, և ապա`երբ բուհում (ամառվա կեսին) արդեն որևէ ուսանող, ոչ էլ աշխատակից չկար: «Ուսանողությունը բոլոր պետություններում եւ բոլոր ժամանակներում եղել է բոլոր հեղափոխությունների շարժիչ ուժը, բոլոր տիպի ապօրինությունների դեմ ընդվզումների առաջին ալիքը բարձրացնողը,-նկատում են փաստաբանները և որպես օրինակ բերում Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողության վերջին ընդվզումները ԿԳ նախարարության կողմից բուհի ռեկտոր Ս. Զոլյանի պաշտոնանկությանը հաջորդած ժամանակաշրջանում,- Ցավալի է, որ ՎՊՄԻ-ի ուսանողությունը, ընդդեմ բուհի ապօրինությունների՝ իրենց դասախոսի պայքարին միանալու փոխարեն՝ ընտրել է հարմարվողականության, հանդուրժողականության և սեփական գնահատականները չվտանգելու գնով դասախոսի դեմ ուղղված շինծու դիմումը ստորագրելու ուղին: Ինչ արած, պատմությանը հայտնի են նաև այսպիսի դեպքեր»:
Ի պատասխան բուհի 18 աշխատակիցների`Աշուղյանի հոդվածներին տրված մասնագիտական գնահատականներին`փաստաբանները ներկայացնում են միանգամայն չեզոք կողմ հանդիսացող երկու մասնագետի`Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտնական, բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Պապիկյանի և ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դևրիկյանի կարծիքները, որոնք վկայել են Լ. Աշուղյանի հոդվածների գիտական բարձր մակարդակի և նրա` հետազոտություն կատարելու կարողության մասին:
Անդրադառնալով նաև 18 անձանց`Լ. Աշուղյանի վաստակի «համեստ» գնահատմանը`փաստաբանները հռետորական հարց են ուղղում`արդյո՞ք տարիքային որևէ սահմանափակում կա գիտական աստիճան ձեռք բերելու համար: Այն դեպքում, երբ պատասխանողներից մի քանիսը (նաև՝ բուհում շատ-շատերը) իրենց գիտական աստիճանները ձեռք են բերել ուշ տարիքում (Սուսաննա Թումանյան, Ալբերտ Պողոսյան, Աշոտ Սահակյան, Կարինե Առուստամյան): «Եթե փորձենք որակել նրանց` իրենց իսկ անտրամաբանական դրույթով, ապա կարող ենք հաստատապես ասել, որ նրանք միջինից ցածր, այսինքն՝անբավարար ընդունակությունների տեր անձինք են: Ստացվում է, որ բուհում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում անբավարար ընդունակությունների տեր մարդիկ, ուստի, ինչպես կարելի է հավատ ընծայել նման ընդունակությունների տեր անձանց կարծիքին»,-նկատում են փաստաբանները:
Աշուղյանի 7 հոդվածը «համեստ» վաստակ է համարում, օրինակ, պատասխանողներից ռեկտորատի խորհրդական Շ. Սահակյանը, որն իր ողջ կյանի ընթացքում ընդամենը 2 հոդված է տպագրել: «Այդ դեպքում ի՞նչ եղանակով է նա ընտրվել դոցենտի պաշտոնում, չէ՞ որ այդ պաշտոնին հավակնելու համար նա գիտական աստիճան ստանալուց հետո պիտի առնվազն 3 տպագիր գիտական հոդված ունենար, մինչդեռ նա ոչ մեկը չունի»,-նկատում են հայցվորի ներկայացուցիչները:
Լուսանկարում (ձախից)` փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Ռուբեն Հակոբյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել