HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջափակման պատճառով Արցախում հետաձգել են գյուղատնտեսության զարգացման ծրագրերը 

Լուսաձորը Ստեփանակերտին մոտ գտնվող գյուղերից է։ 44-օրյա պատերազմից հետո տասնյակ ընտանիքներ են վերաբնակվել այստեղ։ Խաչատրյանների ընտանիքը, որը տեղահանվել է Ավետարանոցից, նրանցից մեկն է։ Պատերազմից հետո Խաչատրյանները հաստատվել էին Ստեփանակերտում։ Մի քանի ամիս անց՝ 2021 թվականի ապրիլին, Ալբերտ Խաչատրյանը կնոջ՝ Ֆլորա Ավանեսյանի, որդիների ու թոռների հետ տեղափոխվեց Լուսաձոր։ Այստեղ ապրում են վարձով։ 

Ամուսինները Ավետարանոցի միջնակարգ դպրոցում էին աշխատում։ Ֆլորա Ավանեսյանը երաժշտության ուսուցչուհի էր, Ալբերտ Խաչատրյանը` արհեստանոցի վարիչ: Ավետարանոցում տնամերձ հողամաս ու գյուղից դուրս բանջարանոց ունեին։ Դպրոցում աշխատանքն ավարտելուց հետո հողագործությամբ էին զբաղվում։ «Ավետարանոցում ամենաշատը կարտոֆիլ էինք ցանում, նույնիսկ վաճառում էինք, իսկ վաճառքից ստացված գումարով դիզվառելիք ու սերմ էինք գնում, որոշ կարիքներ հոգում»,- պատմում է Ալբերտ Խաչատրյանը։ 

Լուսաձոր տեղափոխվելուց հետո վարձով տան տնամերձ հողատարածքն են մշակում։ 

«Տարածքն ամբողջությամբ թփուտների մեջ էր։ Մի մասը մաքրել ենք, մշակել, որից հետո նոր հնարավոր է եղել ինչ-որ բան ցանել»,- ասում է Ֆլորա Ավանեսյանը։ Մաքրած հողակտորում լոբի ու կարտոֆիլ էին ցանել, քիչ քանակությամբ՝ լոլիկ ու վարունգ։ Շրջափակման պատճառով որոշել են տարածքի դեռ չմշակված մասը մաքրել, ճակնդեղ, գազար ու կաղամբ ցանել։ Ալբերտ Խաչատրյանի խոսքով՝ տեխնիկայի ու դիզվառելիքի բացակայության պատճառով տարածքը դժվար է մաքրել։ «Մոլախոտերն այնքան շատ են, որ ձեռքով անհնար է ամբողջությամբ մաքրել։ Բայց տեխնիկա չկա։ Եթե լիներ,  կմաքրեի։ Մյուս կողմից էլ, եթե տեխնիկան լինի, վառելիքի հարցն է առաջանում։ Պետությունը դիզվառելիք տրամադրում է միայն հեկտարից ավելի հողատարածք մշակողներին, փոքր տարածքների համար չի տրամադրում»,- ասում է նա։ 

Բանջարանոցի մի փոքր հատվածում անցած տարի բամիա ու պղպեղ էին ցանել, թթու դրել ձմեռվա համար։ Մառանում կարտոֆիլի սերմացուն է ու ձմեռվա համար նախատեսված պահածոները։ Դռան հետևում երկու տակառ թթի օղի են պահել։

«Պանիրը մի քանի օր առաջ ենք պատրաստել»,- ասում է Ալբերտ Խաչատրյանը՝ ցույց տալով քարե հատակին խնամքով շարված ապակե տարաները։ 

Այս պահին բանջարանոցում երկու փոքր ջերմոց ունեն, մեկում սպանախ են ցանել, մյուսում՝ այլ կանաչիներ։ Ալբերտ Խաչատրյանն ասում է՝ եթե սոխի սերմ գտնի, մի քանի օրից սոխ էլ կցանի։ «Շրջափակման պատճառով նաև սերմերի պակասություն կա։ Պետք է ճակնդեղի, գազարի, բողկի սերմ էլ գտնեմ»,- նշում է նա։ 

-Շատերը պատերազմից հետո գյուղատնտեսությամբ չեն ուզում զբաղվել, մի տեսակ հուսահատված են, հատկապես տեղահանված բնակիչները,- ասում եմ։ 

-Ա չէէ՜, պա կռվից հետո պիտիս անել,- արձագանքում է Ալբերտ Խաչատրյանը։

Գյուղապետ Միքայել Այվազյանի խոսքով՝ գյուղում չմշակվող հող չկա։ 210 հա սեփական ու վարձակալած հող ունեն, որն ամբողջությամբ մշակվում է։ Գյուղում ջրի խնդիր կա, ինչը երբեմն ցածր բերքատվության պատճառ է դառնում։ «Շրջափակման պատճառով մարդիկ սկսել են ավելի շահագրգռված լինել, ավելի շատ բանջարեղեն են ուզում ցանել, ավելի շատ հավ, կով պահել, որովհետև ամեն ինչի պակասը զգացել են»,- ասում է գյուղապետը։ 

Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ Արցախի վերահսկողության տակ մնացած վարելահողերի քիչ մասն է չմշակվող։ 

«Դա կազմում է ներկա վարելահողերի 7-8 տոկոսը։ Չմշակվող հողերի մեջ հիմնականում գյուղամերձ տարածքներն են, որոնք, չնայած ժամանակին եղել են վարելահողեր, սակայն գյուղացիների կողմից օգտագործվել են կամ խոտհարքի, կամ արոտավայրերի համար, կամ էլ չեն օգտագործվել, որի պատճառով թփակալել են։ Պատերազմից հետո վերաբերմունքը վարելահողերի նկատմամբ փոխվել է, և գյուղամերձ մի շարք տարածքներ մաքրվել են ու դրվել  շրջանառության մեջ՝ մշակության համար»,- ասում է Ավետիսյանը։ 

Նրա խոսքով՝ 2023 թվականին բուսաբուծության ծրագրերի համար, կոպիտ հաշվարկով, 1,3 մլրդ դրամ է հատկացվելու։ Ծրագրերի մի մասի հաստատումը կարող է հետաձգվել։ «Բուսաբուծության ոլորտում ունենք 4 հիմնական ծրագիր՝ ցանքաշրջանառության խթանման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, այգեգործության զարգացման և գյուղատնտեսական նշանակության տարածքներում ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը։ Մենք երկու ծրագիր ենք հաստատման դնելու՝ գարնանացանի իրականացման և ջերմոցային տնտեսությունների զարգացման»,- նշում է Ավետիսյանը։  

Դիզվառելիքի և սերմացուների պակասը դժվարացնում են գարնանացանը։ Նախարարությունը դիզվառելիք և բենզին է տրամադրում գյուղացիներին՝ աշխատանքներն իրականացնելու համար։ «Եթե գյուղացին 300քմ տարածքի համար ուզում է դիմել դիզվառելիք կամ բենզին ստանալ, բնականաբար, դա նպատակահարմար չենք համարում։ Շատ փոքր տարածքները ձեռքով դժվար չէ մաքրել։ Մշակվող տարածքը պետք է լինի ոչ պակաս, քան 1000քմ»,- ասում է փոխնախարարը։ 

Նրա խոսքով՝ նախարարության ծրագրերի միջոցով փորձում են միաժամանակ անուղղակիորեն ազդել Արցախում արտադրվող բարիքների ինքնարժեքի վրա, ինչը հողագործությունը կարող է ավելի գրավիչ դարձնել տեղական արտադրողների համար։ Շատ հաճախ կարտոֆիլ մշակելն այստեղ ավելի թանկ է, քան ՀՀ-ից բերված կարտոֆիլը գնելը։ Պատճառը պարարտանյութերի, սերմացուի, դիզվառելիքի ավելի բարձր գներն են Արցախում։ 2023 թվականին, ելնելով իրավիճակից, նախարարությունը փորձելու է առանձին բույսերի մշակմանն աջակցել։ Մեծ պահանջարկ ունեցող բանջարեղեն, օրինակ՝ լոլիկ կամ կարտոֆիլ, մշակողներին աջակցությունն ավելի մեծ կլինի։ Մի շարք գարնանացան մշակաբույսերի սերմեր կտրամադրվեն՝ որոշակի սուբսիդավորմամբ, սակայն՝ մեծ տարածքներ մշակողներին։ Փոքր տնտեսություն ունեցողները, Ավետիսյանի խոսքով, բանջարաբոստանային կուլտուրաների սերմեր կարող են գտնել մասնագիտացված խանութներում։ Նա վստահեցնում է, որ խանութները պահուստներ ունեն, եւ սերմերի խնդիր չի լինի։

«Շրջափակման մեջ մի քիչ դժվար է զարգացման մասին խոսել։ Այս պահին մենք ունենք բնակչությանը սննդով ապահովելու խնդիր։ Մեր բոլոր աշխատանքները ներկայումս սրան են ուղղված։ Նախարարության զարգացման ծրագրերը շրջափակման պայմաններում իրականացնել անհնար է։ Օրինակ՝ ջերմոցի կառուցման համար շինանյութերը, լինի նորարարական, թե ավանդական, ներկրվում են։ Այս առումով մեր զարգացումն ամբողությամբ կախված է Հայաստանից»,- ասում է Վիլեն Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter