HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը դադարեցրել է յոթ անգամ». Փաշինյան

Երեկ Ադրբեջանը կրկին փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը, մինչդեռ այն վերականգնվել էր մեկ օր առաջ։ Մինչ այդ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել՝ դրանից 4 օր առաջ։ Կառավարության փետրվարի 9-ի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ.

«Այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ։ Օրինակ՝ գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50 %-ով, մատակարարվող գազի ծավալը դառնում է 70 %, հետո իջնում, դառնում է 10 %, հաջորդ պահին դառնում 30 %, հետո վերականգնվում ամբողջությամբ, հետո նորից իջնում, դառնում 40 % և այսպես շարունակ։

Նման վայրիվերումները երբեմն օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ։ Ընդ որում, սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակի մոտ նրանք չեն նկատվել։

2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ում գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների։

«Ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաև ԼՂ-ի էլեկտրական հոսանքի մատակարարումը, ու քանի որ էլեկտրական էներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական 6, 8, 10 ժամ՝ կախված եղանակից։

Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ ԼՂ-ում ձյուն է տեղացել, և գիշերն օդի ջերմաստիճանը նվազում է մինչև 5 աստիճան զրոյից ցածր։

Սրանով ևս մեկ անգամ հօդս է ցնդում Ադրբեջանի, իբր, բնապահպանական նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից՝ ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգմաժամի։

Ադրբեջանի այս գործողությունները մի նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը, ինչը, հավատում ենք, որ անկոտրում է»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝ պետք է ավելի ու ավելի մեծացնեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար, հիմա արդեն՝ նաև բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանքն է։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, որոքն այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին։

«Մեր միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես լայն քննարկման առարկա դարձնելուն։

Կարծում եմ, որ անհրաժեշտ է՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ-ում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամը ավելի ինստիտուտցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, որովհետև միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,- եզրափակեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter