
Հէկերի արտադրած հոսանքի ծավալները նվազել են, ջէկերինն ու ատոմակայանինը՝ աճել
2022 թվականի առաջին 11 ամիսներին (հունվար-նոյեմբեր) Հայաստանում արտադրվել է 8 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 16.8%-ով:
Արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 43%-ը ապահովել են ջերմաէլեկտրակայանները (ջէկ), 31%-ը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը (աէկ), մոտ 23%-ը՝ հիդրոէլեկտրակայանները (հէկ): Մնացած 3%-ը բաժին է ընկնում արևային էլեկտրակայաններին: Իսկ հողմային էլեկտրակայանները դեռևս զրոյական դիրք ունեն:
Մասնավորապես, 2022 հունվար-նոյեմբերին ջէկերն արտադրել են 3.4 մլրդ կՎտ Ժամ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14.3%-ով:
Ատոմակայանը արտադրել է 2.5 մլրդ կՎտ Ժամ էներգիա, որն ավելացել է 50%-ով:
Նույն ընթացքում 12.6%-ով նվազել են հէկերի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները՝ կազմելով 1.8 մլրդ կՎտ Ժամ:
Արևային կայանները դեռևս փոքր կշիռ ունեն այս շուկայում: Հունվար-նոյեմբերին նշված կայանները արտադրել են 227 մլն կՎտ Ժամ էներգիա, որը 2.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Մեկնաբանել