
Մարտի 1-ից մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդգրկված է Կառավարության վաղվա՝ փետրվարի 2-ի նիստի օրակարգում։
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի առավելագույնը 25 օրով։
Հավաքների համար մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 306 տրանսպորտային միջոց՝ ոչ ավելի, քան 7 օր ժամկետով:
Պահեստազորայինները կընդգրկվեն մարտական հերթապահության։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ «Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը»։
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թ.-ի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Ըստ նախագծի հիմնավորման՝ Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ, և զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:
Մեկնաբանել