
Մարզպետներին աշխատանքից ազատեցին
Այսօր կառավարությունը որոշեց իրենց դիմումների համաձայն պաշտոններից ազատել Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին: Երկու մարզպետներն էլ ԲՀԿ-ական են եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, թե նպատակահարմար չեն գտնում կոալիցիոն կառավարության մաս կազմել, մարզպետներն աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին:
Ակնհայտ է, որ մարզպետների հրաժարականի դիմումներն իրենց սրտով էլ չէ, սակայն չէին կարող մնալ իրենց պաշտոններում: Նրանք կամ պետք է հրաժարվեն ԲՀԿ անդամությունից եւ լեզու գտնեն վարչապետի հետ, որպեսզի թողնի մնան իրենց տեղերում, հակառակ դեպքում պաշտոնանկությունն անխուսափելի էր:
Սերգեյ Բագրատյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչով է զբաղվելու պաշտոնաթողությունից հետո, սակայն նա բավականին նյարդային վիճակում էր:
«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, լա՞վ»,- ասաց արդեն նախկին մարզպետն ու անջատեց հեռախոսը:
Լուսանկարում՝ Սերգեյ Բագրատյանը (ձախից) եւ Նվեր Պողոսյանը
Մեկնաբանել