
Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրատների և հյուրանոցների 4 ամսվա կոմունալ վճարները
Կառավարությունը միանվագ աջակցություն կտրամադրի Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100%-ի չափով։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 26-ի նիստում։
Ջերմուկում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության միջոցառման նպատակն է՝ օժանդակել համայնքում գտնվող և գործունեություն ծավալող մասնավոր հատվածի տնտեսավարողներին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախնական աջակցության չափը մոտ 50 մլն դրամ է։
Նախագծի հիմնավորմամբ՝ 2022 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Ջերմուկում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների վրա։
Հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ զբոսաշրջիկներ չէին ընդունում։ Չնայած նոյեմբերի սկզբից հյուրատները և հյուրանոցները սկսել են աշխատել՝ զբոսաշրջիկների համար մի շարք հոգեբանական գործոնների ազդեցությամբ, Ջերմուկը շարունակում էր մնալ ոչ գրավիչ և վտանգավոր վայր հանգստի տեսանկյունից։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ Հյուրանոցների և հյուրատների մեծ մասը մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։
Կառավարությունը կազմակերպությունների ֆինանսական բեռը որոշակիորեն թեթևացնելու նպատակով որոշել է փոխհատուցել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների կոմունալ ծախսերը։
Մեկնաբանել