
Մնացական Մարտիրոսյանին դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը դեռ չի ստորագրվել
Հանրապետության նախագահը դեռ չի ստորագրել Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Մնացականյանի թեկնածությունն առաջարկել է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ):
Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանն այժմ նույն դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է: Դատարանի նախագահի լիազորությունների դադարման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, որը տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ դատավորին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի տարիքով ավագը դատավորը Գագիկ Պողոսյանն է: Վերջինս հրաժարվել է զբաղեցնել նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Պողոսյանից հետո ավագը Մնացական Մարտիրոսյանն է, ով որոշել է ժամանակավոր պաշտոնակատար դառնալ՝ հավակնելով զբաղեցնել դատարանի նախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի «առաջխաղացման» մասին աղմուկը սկսվեց դեռևս 2022թ. նոյեմբերի 21-ին: ԲԴԽ-ն այդ օրն անցկացված հարցազրույցի փուլում Մնացական Մարտիրոսյանին ընտրել էր կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների կազմում ընդգրկելու համար: ԲԴԽ-ն երկու թեկնածուից նախապատվությունը տվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Նրա օգտին քվեարկել էր ԲԴԽ անդամներից 6-ը, դեմ՝ 3:
Լուրը հրապարակվելուց հետո իրավաբանական հանրության շրջանում տարակուսանք էր առաջացել: Նա ընկալվում է որպես իշխանությունների «պատվեր կատարող» դատավոր: Հիմնականում Մնացական Մարտիրոսյանի դատավճիռներ, որոշումներով են իրականացվել քաղաքական գործիչների դատապարտումներն ու կալանավորումները, այդ թվում՝ նախկինում ընդդիմադիր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազատազրկումը, «Մարտի 1»-ի գործով քաղաքական գործիչների ազատազրկումները և այլն: Հետագայում այդ դատական ակտերը հասել են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ընդդեմ Հայաստանի վճիռներ կայացվել:
Հանրության ճնշման արդյունքում Մնացական Մարտիրոսյանը, դիմումի համաձայն, դուրս էր եկել ցուցակից: 2022թ. դեկտեմբերի 30-ին ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշել էր դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին:
ԲԴԽ-ն տարածված հաղորդագրության մեջ նշել էր, որ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան:
Մեկնաբանել