
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Սերոբյանի գործով որոշում կայացնելու
Այսօր՝ հունվարի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նախ՝ ընդունել է վարույթ, ապա՝ կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ որոշումը բողոքաբերի համար հանդիսանում է բարենպաստ դատական ակտ, և բողոքաբերն ի սկզբանե չուներ այն բողոքարկելու իրավունք, մինչդեռ, ըստ Հանձնաժողովի, նշված վերաքննիչ բողոքը՝ այդպիսի բողոք ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելը գնահատման ենթակա էր վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում, և ժամանակին կատարված նման եզրահանգումը պետք է հանգեցներ բողոքի ընդունումը մերժելուն: Միաժամանակ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է բողոքի քննությունը վերսկսելու մասին որոշում՝ նշանակելով դատական ակտի հրապարակման օր, սակայն, ըստ Հանձնաժողովի, վերսկսման որոշումը բովանդակում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի դիսպոզիցիայի շարադրանքը, առանց բացահայտելու բողոքի վարույթը վերսկսելու անհրաժեշտությունը:
Դատավորը համակարծիք չէր ներկայացված հիմնավորումների հետ և գտնում էր, որ միջնորդությունը ենթակա չէ բավարարման:
Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել