
Վարչական դատարանի նախկին դատավորը 3 տարվա ընթացքում 11 հայցադիմում է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ
Վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են 2015թ․-ի մարտի 6-ին: 2019թ․ նոյեմբերից սկսած Ռ. Սարգսյանը 12 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ փորձելով վերականգնել իր իրավունքները: Հայցադիմումներից միայն մեկն է եղել Առողջապահության նախարարության դեմ, մյուսներով պատասխանող կողմում հանդես է եկել Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ): Այժմ ընթացքի մէջ է ԲԴԽ-ի դեմ ներկայացված 4 հայցադիմումի քննությունը:
Վերջին հայցադիմումը ԲԴԽ-ի դեմ ներկայացվել է 2022թ. հուլիսին: Նախկին դատավորը պահանջում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով իրեն վճարել 10.582.400 դրամ:
2021թ. դիմել է դատարան՝ պահանջելով բարենպաստ վարչական ակտ ընդունել, այն է՝ Հանրապետության նախագահին առաջարկել իր՝ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը՝ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Իսկ դրանից առաջ Ռոբերտ Սարգսյանը պահանջել է վերացնել արդարադատության խորհրդի 2015թ․-ի առաջարկությունը՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Նախկին դատավորի հայցադիմումների մի մասը վերադարձվել է՝ թույլ տրված սխալների պատճառով, իսկ հիմնականը՝ մերժվել:
Նշենք, որ ամեն ինչ սկսվել է Ռոբերտ Սարգսյանի՝ բժշկական զննություն անցնելուց հետո: Մասնավորապես, Ռոբերտ Սարգսյանը 2014թ. նոյեմբերի 18-24-ը «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ-ի էնդոկրինոլոգիական բաժանմունքում անցել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական զննություն, որի արդյունքում իր մոտ չի հայտնաբերվել Կառավարության որոշմամբ հաստատված «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների հաստատելու մասին» ցանկում նշված որևէ հիվանդություն, որը խոչընդոտում է դատավորի պաշտոնում նշանակմանը:
«Էրեբունի ԲԿ» ՓԲԸ-ի նյարդաբանական և նյարդավիրաբուժական բաժանմունքում 2015թ. փետրվարի 10-17-ը Ռոբերտ Սարգսյանն, առանց առողջապահության նախարարի հրամանի և ուղեգրի, ստացել է վճարովի ստացիոնար բուժում: Իր մոտ ախտորոշվել են որոշ հիվանդություններ:
Այդ ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գրություն է ուղարկել այդ տարիներին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ուղարկելով վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի բժշկական զննության մասնագիտական եզրակացությունը, որը կատարվել էր վճարովի հիմունքներով:
Արման Մկրտումյանը, հիմք ընդունելով առողջապահության նախարարի գրությունը և դրան կից ներկայացրած էպիկրիզը, 2015 թվականի փետրվարի 27-ի հրավիրել է Արդարադատության խորհրդի նիստ՝ հեռակա քվեարկությամբ: Նույն օրը Արդարադատության խորհուրդը որոշել է միջնորդությամբ դիմել հանրապետության նախագահին՝ Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Հիմքում եղել է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հանգամանքը:
Հիմք ընդունելով առաջարկությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. մարտի 6-ին հրամանագիր էր ստորագրել վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Ռոբերտ Սարգսյանը 2019թ. հայցադիմում էր ներկայացրել առողջապահության նախարարության դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել նախարարի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահին էպիկրիզը տրամադրելու գործողությունը:
Ռոբերտ Սարգսյանի հայցադիմումը մերժվել է: Դատարանը գտել է, որ առողջապահության նախարարի կողմից կատարվել է արդարադատության նախարարի և վճռաբեկ դատարանի նախագահի համատեղ դիմումի պահանջը, այն է՝ կազմակերպվել, ապահովվել է դատավոր Ռոբերտ Սարգսյանի բժշկական զննությունը, որի ընթացքում Ռոբերտ Սարգսյանն անվճար և վճարովի հետազոտություններ է անցել բժշկական բաժանմունքներում, որի արդյունքում տրված էպիկրիզը ներկայացվել է առողջապահության նախարարություն:
Ռոբերտ Սարգսյանը հաջողության չէր հասել նաև վերաքննիչ դատարանում, իսկ Վճռաբեկ դատարանը մերժել էր բողոքը վարույթ ընդունել:
Մեկնաբանել