
Ինգա Զառաֆյան. «Բնապահպանությունը պետք է օպոզիցիա մտնի»
«Կանաչ տնտեսություն. իսկ դու դրա մա՞սն ես»: Սա է այս տարվա հունիսի 5-ի՝ շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կարգախոսը:
«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է կանաչ տնտեսությանն ու կայուն զարգացմանը: Սակայն իրականությունն այլ է: Կառավարության ընդունած որոշումներից երևում է, որ տնտեսության զարգացման հիմքում ընդերքի շահագործումն ու շահագործման ծավալի ընդլայնումն են:
«Տպավորություն կա, որ պետք է մինչև վերջ այդ ընդերքը ամենակարճ ժամկետում շահագործես»,- ասում է Ի. Զառաֆյանը:
Նրա խոսքով՝ դա հակասում է կանաչ տնտեսության սկզբունքներին: Բացի դրանից՝ կառավարության վերջին շրջանի որոշումներից երևում է, որ փոխվում են հողի կատեգորիաները. գյուղատնտեսական նշանակության հողերը դառնում են ընդերքօգտագործման կամ էներգետիկ նշանակության:
«Մենք կորցնում ենք մեր գյուղատնտեսական հողերը»,- հայտարարեց բնապահպանը:
Նրա խոսքով՝ 2008-2010թթ. տվյալները ցույց են տալիս, որ ամեն տարի կորցրել ենք 7-8 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող: Այդ պատճառով էլ Հայաստանում անապատացման գործընթացն արագ է զարգանում:
Մեկ այլ խնդիր են հատուկ պահպանվող տարածքները, որոնք, բնապահպանի խոսքերով, զավթվում են: Սյունիքում հէկ-երի կառուցման պատճառով «մտնում են Արևիկ ազգային պարկի տարածք», իսկ Մազրայի ոսկու հանքի շահագործման դեպքում վնաս է հասցվում Շիկահողի արգելոցին:
Ի. Զառաֆյանի կարծիքով՝ այն կանաչ տարածքներում, որոնք հատվել են, կատարվել է շինարարություն, և այդ կանաչ տարածքները վերականգնել այլևս հնարավոր չէ: Այժմ նկատվում է միտում, որ ով ունի հնարավորություն իր շինարարության համար օգտագործել արդեն իսկ կանաչ, բարելավված տարածքը, ապա վերցնում է այդ տարածքը: Մարդկանց ձեռնտու չէ մեծ գումարներ ներդնել և շահագործել անմշակ հողերը:
Բնապահպանը նշեց, որ զարգացած երկրներում բնապահպանության նախարարությունը միշտ ընդդիմադիր դիրքերում է, իսկ բիզնեսի շահերը պաշտպանում են այլ կառույցներ:
«Բնապահպանությունը պետք է օպոզիցիա մտնի, սա ընդունված կարգ է: Մեզ մոտ դա հնարավոր չէ, որովհետև բնապահպանության նախարարը համակարգի ներկայացուցիչ է, քաղաքական գործիչ ու չի կարող դուրս գալ այս համակարգից»,- հայտարարեց Ի. Զառաֆյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել