
Հայաստանում մնացած 270 արցախցի աշակերտ հաճախելու է Գորիսի և Երևանի տարբեր դպրոցներ․ Արթուր Թովմասյան
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի շարունակվող շրջափակմանը։
«Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները: Ամանորը ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ արցախցի այս երեխաների համար:
Միթե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաները իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար:
Արցախի Հանրապետության խորհրդարանը իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ: Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր:
Մենք հույսի ու հավատի ժողովուրդ ենք: Հուսանք՝ մեր աղոթքներն առ Աստված փրկության դուռ կբացեն»,- նշել է Թովմասյանը։
Մեկնաբանել