
Արարատյան դաշտում շահագործվող 1217 խորքային հորից ջրօգտագործման թույլտվություն ունեն 484-ը
Շրջակա միջավայրի նախարարի հրամանով 2021թ․-ին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման ուսումնասիրություն է իրականացրել։ Արարատյան դաշտի 176 համայնքում ուսումնասիրել են առկա խորքային հորերը, որի արդյունքում պարզվել է հետևյալը․
- 176 համայնքից խորքային հորեր ունեն 146-ը, Արարատի մարզում՝ 65, իսկ Արմավիրի մարզում՝ 81 համայնք։
- Խորքային հորերի քանակը կազմում է 1873, որից 780-ը՝ Արարատի մարզում (շահագործվող է 522-ը), իսկ 1093-ը՝ Արմավիրի մարզում (շահագործվող է 695-ը)։
- Շահագործվող խորքային հորերի քանակը 1217 է, որից ինքնաթափ է 317-ը, իսկ պոմպով շահագործվում է 900-ը։
- 1217 խորքային հորերից ջրօգտագործման թույլտվություն տրվել է 484 խորքային հորի շահագործման համար։
- Խորքային հորերի վրա առկա է 71 ջրաչափ և 302 փական։
- Ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառը կազմում է 7583․57 լ/վ, իսկ փաստացի ընդհանուր ջրառը՝ 24134․75 լ/վ։
- Ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառից ավել է օգտագործվել 16 551․18 լ/վրկ ջուր։
Ջրօգտագործող ընկերությունները (ՋՕԸ) 80 համայնքում շահագործում են 412 խորքային հոր, որից 298-ի համար է շահագործման թույլտվություն տրվել։ ՋՕԸ-երին ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառը կազմում է 6262․06 լ/վ, իսկ փաստացի ջրառը՝ 12 813․7լ/վ։ Թույլտվություններով տրված ջրառից ավելի է օգտագործվել 6551,64 լ/վ ջուր։
Աշխատանքային խումբը հայտնում է, որ պոմպով շահագործվող 900 խորքային հորերի մեծ մասից փաստացի ջրաելքի չափում չի իրականացվել, քանի որ այդ պահին ջրառ չի կատարվել։
Շահագործվող 1217 խորքային հորից իրականացվում է 16 551․18 լ/վ ապօրինի ջրառ, ինչը ՋՕԸ-ի և համայնքների կողմից առանց ջրօգտագործման թույլտվության ջրառ իրականացնելու արդյունք է։ 1217 խորքային հորերից ընդամենը 71-ը ջրաչափ ունեն, ինչը կազմում է շահագործվող խորքային հորերի 39,8%-ը, և ընդամենը 302 փական է տեղադրված, ինչը կազմում է շահագործվող խորքային հորերի 24,8%-ը։
«Քանի որ խորքային հորերը համայնքային պատկանելության են, ապա դրանց հետագա շահագործման նպատակահարմարության և նեդրումների չափի որոշման համար պետք է լրացուցիչ աշխատանք իրականացվի համայնքների հետ»,- հայտնում է աշխատանքային խումբը։ Միաժամանակ նշվում է, որ համայնքային բյուջեներում ֆինանսական միջոցների սղությունը հնարավորություն չի տալիս խորքային հորերը կահավորել փականներով և ջրաչափերով։ Հայտնում են, որ համայնքներում փուլ առ փուլ կիրականացվեն աշխատանքներ խորքային հորերի շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու, ինչպես նաև խորքային հորերը փականներով և ջրաչափերով կահավորելու համար։ Նախատեսում են, որ մինչև 2030թ․-ը Արարատյան դաշտում ապօրինի խորքային հորեր չպետք է շահագործվեն։
Ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառը կազմում է 7849․38 լ/վրկ, փաստացի ընդհանուր ջրառը կազմում է 24 264․95 լ/վրկ, որը 16 415․57 լ/վրկ-ով ավել է ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառից։ Շահագործվող 1217 խորքային հորից իրականացվող 16 551․18 լ/վ ապօրինի ջրառը ՋՕԸ-երի և համայնքների կողմից առանց թույլտվության ջրառ իրականացնելու արդյունք է։ Նշված 16 415․57 լ/վրկ ավել ջրառից 5904․77 լ/վրկ ջրառն իրականացվել է ջրօգտագործման թույլտվություն ունեցող խորքային հորերից, որը համարվում է սահմանված ջրառից ավել ջրառ, իսկ մնացած 10 510․8 լ/վրկ ջրառն՝ ապօրինի ջրառ է։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքների հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:
Մեկնաբանել