
Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում նախատեսված չէ
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին Интерфакс-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք ներկա կլինեն, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, որը դեկտեմբերի 26-ին կայանալու է Սանկտ Պետերբուրգում, կարող է կայանալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում, սակայն դա դեռևս համաձայնեցված չէ։
Վերջին անգամ այս ձևաչափով հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 31-ին Սոչիում, որի ավարտից հետո ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Պուտինն ու Փաշինյանը վերջին անգամ հանդիպել էին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, իսկ Ալիևի հետ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել նախօրեին։
Հայկական կողմը ևս չէր բացառել, որ մինչև տարեվերջ կարող է կայանալ Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն դրա անցկացման վայրի կամ ժամկետների վերաբերյալ որևէ բան չէր նշվում։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել