
Կադրային ճահիճ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցեց իր օգտին, Ստալինի այն համոզմունքը, թե կադրերն են որոշում ամեն ինչ, կիսում է մի կարևոր վերապահումով. կադրերը որոշում են ոչ թե ամեն ինչ, այլ միայն իշխանական համակարգի, նոմենկլատուրայի կենսունակությունը:
Կադրային այն քաղաքականությունը, որը նախագահ Սերժ Սարգսյանը վարում է կայացած ընտրություններից հետո, նման է կարծրատիպերով առաջնորդվող այն պահպանողական մարզչի գործողություններին, ով ոչ միայն ընդմիջումից հետո խաղադաշտ է մտցնում առաջին խաղակեսը տապալած հոգնած ու հուսալքված թիմի ողջ կազմը, այլև համառորեն հրաժարվում է դիմելու տակտիկական նորամուծությունների և խաղացողների փոխարինման: Ասել, թե դժվար է նման մարզչի գործողություններում տրամաբանություն փնտրել, նշանակում է չասել ոչինչ:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակից էր պարզ, որ օրենսդիր մարմնի դեմքը փոխել նախագահը չի պատրաստվում: Չնայած թիմում մի քանի թարմ դեմքեր ներառելուն՝ քաղաքական մեծամասնությունը շարունակում է մնալ կոճակ սեղմողների մեծամասնություն: Սա նշանակում է, որ խաղի կանոնները ևս չեն փոխվելու, և մեծամասնության արդյունավետության հիմնական գրավականը շարունակելու է մնալ օրենքներ ու որոշումներ դակելու հմտությունն ու կարողությունը: Իսկ այդ նոր դեմքերի, քիչ թե շատ քաղաքականացված շրջանակների հիմնական խնդիրը լինելու է կոճակ սեղմելու մեխանիկական գործողությունը, կառավարության սպասարկուի դեր կատարելը ավելի լավ ու համոզիչ հիմնավորելը:
Թե ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունը, թե Հանրապետական խմբակցության մեծամասնության որակը ոչ մի կերպ ուղղված չեն օրենսդիր մարմնի` զրոյական հեղինակության բարձրացմանը և որպես իշխանության թևի, գոնե հարաբերական անկախության վերականգնմանը: ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրեց ու ընտրել տվեց Հովիկ Աբրահամյանին, ով մեկ անգամ արդեն խորհրդարանի հեղինակության բարձրացման առաքելությամբ եղել էր այդ պաշտոնին և այնտեղից գործուղվել` ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Նա ԱԺ վերջին նախագահ Սամվել Նիկոյանից տարբերվում էր միայն նրանով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած անձնական որոշակի խնդիրները փորձում էր օգտագործել կառավարության նկատմամբ չափավոր պահանջկոտության ու քննադատության համար: Եթե նիկոյանական խորհրդարանը լիարժեք էր կառավարության կամակատարը, ապա աբրահամյանական խորհրդարանը` գոնե նման հարաբերություններին դիմադրելու ձև է անում:
Սակայն Հովիկ Աբրահամյանի հիմնական խնդիրն այսօր ոչ թե դա է, այլ «կառուցողականության» անիրական դաշտ տեղափոխված ԲՀԿ-ի սանձերը ձգած պահելը և իշխանության համար վերահսկելի ու հարմարվող դարձնելը: Այդ կառուցողականությունը հիմա ավելի շատ է ծառայում ՀՀԿ-ի շահերին, քան ԲՀԿ-ի իշխանամետությունը, որովհետև այս կերպ իշխող կուսակցությունը կարողանում է ամլացած պահել ընդդիմադիր դաշտը և չեզոքացնել այնտեղ մոբիլիզացման հնարավորությունները: Ու քանի որ այդ գործառույթը Հովիկ Աբրահամյանը պետք է իրականացնի` հիմնվելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական ու խնամիական հարաբերությունների հաշվին, ապա պարզ է դառնում, որ նախագահը Աբրահամյանին ենթարկում է այսպես կոչված հավատարմության փորձության:
ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոնների համալրումն առհասարակ քաղաքական որևէ նշանակություն չուներ: Թե Էդուարդ Շարմազանովը և թե Հերմինե Նաղդալյանը բացառապես կուսակցական ֆունկցիոներներ են և ոչ երբեք պետական գործիչներ: Նրանց այս պաշտոնները հասան միայն ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի իմիջի կերտման համար ներդրած ավանդի դիմաց, այսինքն տրվեցին իբրև հավատարմության վարձատրություն: Սակայն անիմաստ է այստեղ քաղաքականություն փնտրել:
Նախագահը հասցրել է արդեն նաև վարչապետ վերանշանակել Տիգրան Սարգսյանին: Դա նշանակում է, որ լիարժեքորեն վստահում է նրան և հավատում Սարգսյանի որդեգրած քաղաքական կուրսի հաջողությանը, որը շարքային քաղաքացիներին առարկայական ոչ մի լուրջ դրական փոփոխություն չի տվել: ՀՀԿ-ն արդեն հստակ ուղերձ է հղել, որ կառավարության կազմը լուրջ, արմատական փոփոխություններ չի կրելու, թեև չի կարելի բացառել կառավարության կառուցվածքի փոփոխություն: Սակայն մեծ հաշվով տեղի կունենա ընդամենը «շարքից դուրս եկած» ԲՀԿ-ական նախարարների փոխարինում:
Ընդհանուր առմամբ, այսպիսով նախագահը և իշխանությունը հասկացնում են, որ իրենցից առայժմ ոչ մի փոփոխություն ակնկալել պետք չէ: Տիգրան Սարգսյանի նախորդ կառավարությունն առաջնորդվում էր ընդամենը վիրտուալ հաջողությունների արձանագրման` ոչ մի տեղ չտանող գործունեությամբ, որի հետևանքը եղավ երկու` իրական և իշխանության մատուցած անիրական ու վարդագույն Հայաստանների միջև հուսահատեցնող անջրպետի ընկալումը հանրային գիտակցության մեջ:
Այս կառավարությունը կշարունակի երկրորդական նշանակության բարեփոխումների իր կուրսը, որոնք ընդգրկում են պետական ծառայությունների փոքր մասը միայն: Հենց այդ սկզբունքով է գրվել ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը: Սակայն երկրի տնտեսության և արդարադատության համակարգերի առջև ծառացած ամենաառանցքային խնդիրները` օլիգոպոլիաների անկաշկանդ գոյության ու պետական պաշտպանության, քաղաքացիների իրավահավասարության բացակայության և պատժի անխուսափելիության սկզբունքի խաթարման հետ կապված, կմնան առկախված նույն չափով, որքան նախկինում: Որովհետև ինչպես անցած 5 տարիները ցույց տվեցին, ոչ թե դրանք են իշխանության համար առաջնահերթություն, այլև սեփական կենսունակության ապահովումն ամեն գնով: Հանրապետական կուսակցությունը հասարակությունից ներքին վերափոխում է ակնկալում` առանց իր ներքին վերափոխման անհրաժեշտությունը գիտակցելու:
Երկիրը, պետական կառավարման ողջ համակարգը մտել է նախընտրական սպասողականության, հետհաշվարկի մի հոգեմաշ ընթացքի մեջ: Բոլորը հասկանում են, որ ամեն ինչ որոշվելու է 2013-ի փետրվարին` նախագահական ընտրություններից հետո և հիմնական վերադասավորումները տեղի են ունենալու հենց այդ ժամանակ: Բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանը չի ուզում ոչինչ ու ոչ ոքու փոխել այն պարզ պատճառով, որ այսպիսի հարաբերակցությունը և այսպիսի որակն է իշխանության վերընտրության հիմնական գրավականը: Բոլորը հասկանում են, որ կառավարման արդյունավետության միակ չափորոշիչը նախագահի վերընտրության ապահովմանը նախապատրաստվածության մակարդակն է, այլ ոչ թե պետության և հասարակության առջև ծառացած ու խորացող մարտահրավերներին դիմակայելու կարողականությունը: Եվ ակնհայտ է, որ թե օրենսդիր և թե գործադիր իշխանության օղակներում ընտրության կամ նշանակման միջոցով առանցքային պոստերն զբաղեցվում են հենց այդ սկզբունքից ելնելով: Համակարգը հիմա ապրում է ինքն իր համար և վարվող ներկայիս կադրային քաղաքականությունը դրա ուղղակի արտացոլանքն է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել