
ԱԺ-ում ևս կադրային փոփոխություններ են սպասվում
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ ՀՀԿ շտաբը ղեկավարելու կապակցությամբ հրաժարական տվեց, աշխատանքից ազատվեցին նաեւ նրա հետ աշխատողները: ԱԺ արդեն նախկին նախագահ Սամվել Նիկոյանը աշխատանքից ազատեց միայն հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին, մյուսները աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացրեցին ինքնակամ:
Այժմ, երբ Հովիկ Աբրահամյանը նորից ԱԺ նախագահ է, նա հետ է բերում իր հետ աշխատած ԱԺ նախկին աշխատողներին: Առաջինը ԱԺ է բերել Գոհար Պողոսյանին եւ իր հրամանով նշանակել ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնում:
5-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ, Հովիկ Աբրահամյանի կողքից չէր հեռանում ԱԺ նախագահ եղած ժամանակ նրա օգնական Գեորգի Մուրադյանը:
«Հետքի» հետ զրույցում Գ. Մուրադյանն ասաց, թե ինքն այս ընթացքում մնացել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանի օգնականը, սակայն ամենայն հավանականությամբ այժմ կլինի ԱԺ նախագահի օգնականը: «Ամեն ինչ տանում է դրան»,-ասաց Գեորգի Մուրադյանը:
Լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում աշխատանքից ազատվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը եւ նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվելու է ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը:
Մեկնաբանել