
Արմավիրում հողամաս կնվիրաբերվի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի համար
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից 88 հեկտար կնվիրաբերվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ մարզի բնակչության ու երեխաների համար բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով։ Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում։
Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում, ինչպես նաև Բաղրամյան համայնքի գյուղերի բնակիչների համար կստեղծվի նոր՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնական կենտրոն, Համագումարների կենտրոն, Միջոցառումների կենտրոն և սրճարան, նորարարական գյուղատնտեսության բազմակողմանի ծրագրեր և զարգացման նախաձեռնություններ, «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ջերմոցային տնտեսություն, ժամանակակից սպորտային համալիր, վերականգնողական էներգիայի կայան, նորարարական բիզնես գազափարների կենտրոն։
Մյասնիկյան գյուղում կստեղծվի հատուկ ավան՝ տեղանքն ու հիմնադրամի գաղափարախոսությունը բնութագրող ճարտարապետական լուծումներով։
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, բարեգործական ծրագրի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Ծրագիրը կյանքի կկոչվի առաջիկա տասնամյակում: Հիմնադրամը ներդնելու է 5 մլրդ 492 մլն 207 500 դրամ։
Հիմնադրամն իր գործունեությունն Արմավիրի մարզում սկսել է 2004 թվականից՝ մարզի նախկին Քարակերտ համայնքում։
Հետագայում աշխատանքները ծավալել է հիմնականում Բաղրամյանի տարածաշրջանի ավելի քան 15 համայնքում՝ կառուցելով կամ վերակառուցելով կրթական, մշակութային, երիտասարդական, դաստիարակչական, երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոններ, մշակույթի տներ, հանրակրթական դպրոցներ եւ մանկապարտեզներ։
Մեկնաբանել