
Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել՝ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» վերնագրով ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու և ընդունելու համար:
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ երեկ իրենք նույնպես ներկայացրել էին հայտարարության նախագիծ, որպեսզի արտահերթ նիստով ընդունեին: Սակայն այսօր մերժվել է այդ առաջարկը և իշխող խմբակցությունը ներկայացրել է իր նախագիծը, որն ընդդիմադիրների կարծիքով, կարող էր անել հենց կուսակցությունը, ոչ թե այն ներկայացնեին Ազգային ժողովի անունից:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՔՊ-ի ներկայացրած նախագիծը ոչ միայն հարցի լուծում չի տալու, այլև ջուր է լցնելու թուրք-ադրբեջանական ջրաղացին:
Ընդդիմադիր երկու՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու իշխանության կողմից ներկայացրած նախագծի քննարկմանը: Նրանք լքեցին դահլիճը, կոչ արեցին ժամը 16:30-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «կապրիզ» որակեց ընդդիմության վարքագիծը՝ նշելով, որ ԱԺ հայտարարությունը ոչ թե կենաց է կամ պետք է հռչակվեն «էկրանի ասպետներ», այլ պետք է «սինխրոն» լինի արտաքին քաղաքականության հետ:
Մեկնաբանել